Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արևմուտքի նավերը հայկական լեռներ չեն բարձրանում՝ ոչ ցանկություն ունեն, ոչ էլ կարող են. Էդուարդ Շարմազանով

«ՌԴ-ն և Իրանը երբ Հայաստանից գնան, Արևմուտքը մինչև քցի-բռնի՝ գա, թե չգա, թուրքերը շագոմ-մարշ կգան ձեր տուն, ձեր դուռը կծեծեն, կասեն՝ սալամ, բաջի, ի՞նչ կա»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանում արձանագրված վերջին հակառուսական դրսևորումներին:

Նա տարօրինակ համարեց, որ ՀՀ իշխանությունները Իրանի և Ռուսաստանի հետ առկա դաշնակցությունը թողած, ենթադրում են, որ արևմուտքը կարող է օգնի Հայաստանին:

Նկատելով, որ պետության ղեկավարներն արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում են ոչ թե հույզերով, այլ հաշվարկերով՝ Շարմազանովն ասաց. «Էդ հակառուսական տրամադրությունները, որ հրապարակում ես, Հայաստանին օգո՞ւտ է լինելու: Միշտ ասել եմ, մեր տարածքում կա երկու բանակ՝ ՆԱՏՕ-ի՝ ի դեմս Թուրքիայի և Ռուսաստանի: Եթե սրանց թվում է, թե ռուսական բանակն այստեղից հանելով Արևմուտքն է գալու՝ ասեմ, որ Արևմուտքի նավերը հայկական լեռներ չեն բարձրանում՝ ոչ ցանկություն ունեն, ոչ էլ կարողեն: Արևմուտքն այս տրարածաշրջանում իրեն ներկայացուցիչ վաղուց է նշանակել Թայիփ Էրդողանի գլխավորած Թուրքիային, իսկ վերջինս հայտարարել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը՝ նեոօսմանականությունը:

Ռուսի բանակը չե՞ք ուզում տեսնել ՀՀ-ի սահմաններում՝ կտեսնեք թուրքի բանակը: Այդ է այլընտրանքը: Զարմանում եմ՝ Երևանի կենտրոնում Ալիևի և Էրդողանի դեմ միտինգ անելու փոխարեն՝ ՌԴ-ի դեմ են միտինգ անում: Ես հիացած չեմ Ռուսաստանի և որևէ պետության գործողություններով, բայց յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը: Այսօր Արցախում, որ 100 հազարից ավել բնակչություն կա, դրա երաշխավորը Նիկոլը չէ: Նիկոլին որ մնար՝ վաղուց այդ մարդիկ արդեն Արցախում չէին ապրի: Այնտեղ Ռուս խաղաղապահներն են: Լավ են անում, թե թերություններով են անում՝ փաստը սա է»:

Նրա խոսքով մարդիկ գիտակցում են, որ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի իշխանության, բայց պետք է միավորումը՝ կոնսենսուսը լինի, որից հանվի Փաշինյանը և մասնագետներից ձևավորվի հակաճգնաժամային ապաքաղաքական թիմ:

«Պետության շահը պետք է լինի ամեն ինչից վեր, ինչպես Նժդեհն էր ասում՝ Աստված և Հայրենիք: հետո ուշ է լինելու»,-հայտարարեց Շարմազանովը: