Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առաջնային բուժօղակներում սուր շնչառական վիրուսների ախտանշաններով դիմելիությունն աճել է. մասնագետ

Եղանակային փոփոխություններով պայմանավորված սուր շնչառական վարակներն ակտիվացել են հատկապես երեխաների շրջանում, ինչն էլ պատճառ է մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքի։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկի տեղակալ, «Մուրացան» պոլիկլինիկայի ղեկավար Ռենա Հարությունյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այս տարի առաջնային բուժօղակներում սուր շնչառական վիրուսների ախտանշաններով դիմելիությունն աճել է մինչև 10%-ով, սակայն մտավախություն ունեն, որ ինչպես ամեն տարվա աշնանը, այս տարի ևս շնչառական վիրուսային վարակների սրացումներ կլինեն:

Ըստ նրա, նախորդ տարի կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված, մարդիկ ավելի զգուշավոր էին, հետևում էին հակահամաճարակաին կանոններին և սուր շնչառական վիրուսների մասով վիճակն ավելի բարվոք էր, ուստի պոլիկլինիկաներ դիմելությունը համեմատաբար ցածր էր։ Այսօր տարի արդեն նկատվում է տարբեր վիրուսներով վարակվածության դեպքերի աճ։

Սուր շնչառական հիվանդությունների հարուցիչը հիմնականում վիրուսներն են։ Դրանք տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Այն ախտահարում է հիմնականում վերին շնչուղիները, բարդ դեպքերում կարող է զարգանալ նաև թոքաբորբ։

Ռենա Հարությունյանը նշեց, որ սեզոնային գրիպից պաշտպանվելու արդյունավետ տարբերակներից է պատվաստումը։ Գրիպի պատվաստումները հատկապես ցուցված են ռիսկի խմբերի անձանց՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, բուժաշխատողներին, հղիներին: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով։

Բժիշկը ծնողներին խորհուրդ է տալիս հետևել երեխաների սննդակարգին, որպեսզի նրանք ստանան անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, միկրոէլեմենտներ։ Կարևոր է հետևել հիգիենային կանոններին, ֆիզիկական ակտիվությանը, որ վիրուսների դեպքում երեխաներն ավելի թեթև տանեն հիվանդությունը։

Մասնագետի հորդորը ծնողներին՝ զգոնության կոչն է և խնդրում է խիստ հետևողական լինել հատկապես ջերմելու դեպքերում։ Ըստ նրա՝ եթե երեխան հիվանդ է, ապա դպրոց կամ մանկապարտեզ չպետք է տանել, ինչպես նաև ինքնաբուժությամբ չզբաղվել և բնականաբար դիմել մանկաբույժին։ Իսկ ամենակարևորը հակաբիոտիկներ չօգտագործել, ինչը ցավոք, համատարած անում են ծնողները։

«Հակաբիոտիկներն օգտագործեք միայն բժիշկի ցուցումով։ Վիրուսային ինֆեկցիաները չեն բուժվում հակաբիոտիկներով: Դրանք ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում են բարդությունների ռիսկը»,- նշեց Ռենա Հարությունյանը։

Ըստ նրա՝ պետք է նաև հագնվել եղանակին համանունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետևել անձնական հիգիենային:

«Մուրացան» պոլիկլինիկայի ղեկավար նկատեց, որ վերջին շրջանում պոլիկլինիկա բուժօգնության են դիմում երեխաներ ստամոքսաղիքային համակարգի գանգատներով, որոնք առավել հաճախ արտահայտվում են փսխման, փորլուծության տեսքով։ Նրա խոսքով՝ պատճառները տարբեր են, հատկապես երեխաների մոտ դրանք կարող են լինել բակտերիաները, վիրուսները, մարսողության խանգարումները, ինչպես նաև հակաբիոտիկների չարաշահումը:

«Այս տարվա հուլիս-օգոստոսին ակտիվացել են տարբեր աղիքային հարուցիչները։ Մարդիկ ասում էին, որ խնդիրը կապված է ջրի հետ, համը փոխվել է։ Իրականում Էրեբունու տարածքում իսկապես ջրի համը փոխվել էր, մենք նույնպես այն կարծիքին էինք, որ փորլուծությունը, փսխումները ջրի հետևանք են։ «Վիեոլա ջուրը» հայտարարեց, որ հետազոտությունների համաձայն՝ ջուրը համապատասխանում է ստանդարտներին։ Իհարկե մենք դրանով չսահմանափակվեցինք։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրն իր հերթին հետազոտություն արեց՝ ջրից նմուշառում կատարվեց և ուղարկեց լաբորատորիա։ Արդյունքում պարզվեց, որ ջուրը ոչ մի ախտածին էլէմենտներ չի պարունակում։ Այսինքն՝ այդ դեպքերը պայմանավորված են այլ վիրուսների հետ, որոնք առաջացնում են փորլուծություն, փսխում, ջրազրկում»,- ասաց Ռենա Հարությունյանը։

Հատկապես փորլուծությունով, փսխումով երեխաներին ջրազրկումից խուսափելու համար, մասնագետը խորհուրդ է տալիս 5 րոպեն մեկ գդալով ջուր խմեցնել, իսկ ամենակարևորը՝ չզբաղվել ինքնաբուժությամբ, խնդիրների դեպքում անմիջապես կապ հաստատել տեղամասային մանկաբույժի հետ։