Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առանցքային խնդիրն այն է, թե ո՞ր ուժային կենտրոնի հովանավորությամբ մեր տարածաշրջանում «խաղաղություն» կհաստատվի․ «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանի կողմից վերջին լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքները վերացնելու հարցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներն էլ նշում են, որ Ադրբեջանը պետք է զորքերը վերադարձնի ելման դիրքեր։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր, թե «հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որ ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր», ըստ նրա՝ «սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք»: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով՝ Միացյալ Նահանգները նույնպես կոչ է արել Ադրբեջանին՝ զորքերը վերադարձնել ելման դիրքեր։ Նախօրեին էլ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր նշել, որ «ուժերի դուրսբերումն իրենց սկզբնական դիրքեր միակ հուսալի հիմքն է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին խնդիրների կարգավորման եւ լուծման համար»։

Նկատենք, որ սա եզակի հարցերից է, երբ այլ ուղղություններով առճակատման մեջ գտնվող պետությունները կարող են ընդհանուր հայտարարի գալ։ Չնայած դրան, այստեղ եւս կա մրցակցություն. առանցքային խնդիրն այն է, թե ո՞ր ուժային կենտրոնի հովանավորությամբ մեր տարածաշրջանում «խաղաղություն» կհաստատվի։ Ռուսական կողմը «խաղաղության» հաստատումը տեսնում է միանձնյա վերահսկողության տիրույթում՝ մշտապես հիշեցնելով, որ քաղաքական կարգավորման գործընթացը սկսվել է Ռուսաստանի միջնորդությամբ կնքված եռակողմ հայտարարությամբ։

Արեւմուտքի համար ընդունելի չէ ռուսական հովանավորությամբ խաղաղությունը։ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան առաջ են քաշում հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու հարցը։ Այդ տարբերակին արձագանքել է ռուսական կողմը. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է, որ քննարկվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ համաձայնագրերի իրականացման համար»։

Ռուսաստանը ի վերջո, հստակեցրել է իր մոտեցումները ենթակառուցվածքների եւ ճանապարհների ապաշրջափակման դեպքում դրանց նկատմամբ վերահսկողության մասով, մասնավորապես ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ ճանապարհները բացել կամ կառուցել կարելի է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ կորոշեն երկրների միջեւ սահմանի հատման իրավական ռեժիմը, ինչպես նաեւ այդ ճանապարհներով երթեւեկության կարգը։ «Կարեւոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար։ Սկզբունքն այսպես է հնչում. «Ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով այդ ճանապարհն անցնում է»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում