Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմեն Փամբուխչյան. «Նման հարվածային ալիքից եւ ջերմաստիճանից, ինչպես նաեւ օրեր շարունակ տեղում առաջացած գոլորշիացումներից հետո ենթադրյալ անձի ողջ լինելու շանսերը հուսադրող չեն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր առավոտյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ երեկ երեկոյան դադարեցված որոնողափրկարարական աշխատանքներն այսօր վերսկսվել են

«Ներկա պահին դրանք իրականացվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում: Այնտեղ, ըստ տեղեկությունների կա քաղաքացի, որն այդ վայրում է գտնվել պայթյունի պահին: Մենք ամբողջ ուժով տվյալ հատվածում իրականացնում ենք աշխատանքներ»:

Անդրադառնալով փլուզման վտանգ պարունակող շենքի ապամոնտաժմանը՝ նախարարն ասաց. «Մեզ համար առաջնային է՝ կատարել ինժեներային այն աշխատանքները, որոնք թույլ կտան չխոչընդոտել մեր որոնողափրկարարական աշխատանքներին, որից հետո միայն պետք է քննարկվի շինության հետագա ճակատագիրը»:

Թե ենթադրյալ քաղաքացու որոնողական աշխատանքները որքան կտեւեն, հաշվի առնելով, որ որոնողական աշխատանքների տարածքը արդեն բավականին նեղացել է, Արմեն Փամբուխչյանը դժվարացավ հստակ ժամկետ նշել․ «Այո, որոնողական աշխատանքների տարածքը նեղացել է: Բայց քանի որ ենթադրվում է, որ հենց այդտեղ է պայթյունի էպիկենտրոնը, դա իր հերթին բարդություններ է առաջացնում որոնողափրկարարական աշխատանքների մասով, քանի որ նման հարվածային ալիքից եւ նման ջերմաստիճանից, ինչպես նաեւ օրեր շարունակ տեղում առաջացած գոլորշիացումներից, շանսերը հուսադրող չեն: Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բացազատենք այդ հատվածը, օգտագործենք մեր փրկարար շների օգնությունը եւ մեր որոնողափրկարարական խումբը մուտք գործի տվյալ հատված»:

Նախարարը նաեւ պատասխանատու հայտարարեց, որ լրացուցիչ մարդկային ուժի, տեխնիկայի, մասնագիտական գիտելիքների որեւէ պակաս եւ որեւէ երկրից օգնություն խնդրելու կարիք չի եղել: «Մեզ տեղում օգնել են «Կարմիր խաչի» կամավորականները եւ ՈՄԱ ՀԿ կամավորականները, որոնք կատարել են հիմնական ձեռքի աշխատանքը: Իսկ «Կարմիր խաչի» աշխատակիցները ունեն որոնողափրկարարական մասնագիտացում եւ ավելի պրոֆեսիոնալ են: Մենք ունենք նաեւ կինոլոգիական ջոկատ: Բայց նաեւ կամավորական սկզբունքով օգնության են եկել եւ ծառայություններ մատուցելու ցանկություն են հայտնել արտասահմանցի գործընկերներ Ռուսաստանի Դաշնությունից եւ, եթե չեմ սխալվում, Բելգիայից կամ Ֆրանսիայից: Հենց առաջին օրը մեզ օգնության կարգով «Ռուս-հայկական մարդասիրական արագ արձագանքման կազմակերպության» մեր գործընկերներն են օգնության ձեռք մեկնել՝ ապահովելով լուսավորությունը եւ իրենց ԱԹՍ-ներով իրականացրել են հետախուզում»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ