Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արթուր Գորոյան. «Որպես հայ, ես ձգտում եմ Հայաստան բերել այն ամեն լավը, ինչ կա սպորտում եւ Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնել»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանում բնակվող ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, որը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, օրերս Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացված 6-ժամյա ավտոարշավում հաղթելուց հետո ժանաել է պատմական հայրենիք:

Լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Գորոյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը սպորտի, այդ թվում՝ ավտոսպորտի նկատմամբ: Եվ քանի որ հանրության լայն շրջաններն այստեղ իրեն այնքան էլ լավ չեն ճանաչում, տեղեկացրեց, որ ծնվել է Ջավախքում, ապրում է Ռուսաստանում, բայց հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: «Ես հիմնականում մասնակցում եմ Գերմանիայում կազմակերպվող դիմացկունության մրցումներին: Յուրաքանչյուր մարզիկի խնդիրը սպորտը հանրության ավելի լայն շրջաններում տարածելն է, որպեսզի երիտասարդները ոչ թե թմրանյութ, ծխախոտ կամ ալկոհոլ օգտագործեն, այլ վարեն առողջ ապրելակերպ, զբաղվեն ցանկացած տեսակի մարզաձեւով: Եվ ես որպես հայ, ձգտում եմ Հայաստան բերել այն ամեն լավը, ինչ կա սպորտում եւ ճանաչելի դարձնել Հայաստանն աշխարհին: Օրինակ, Գերմանիայում անցկացվող մրցումներում ես միակ հայ ավտոարշավորդն եմ: Եվ կուզենայի, որ այլ երկրներում՝ Ֆրանսիայում Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իտալիայում եւ այլուր ապրող եւ այդ երկրները ներկայացնող մյուս հայ ավտոարշավորդները հետեւեին իմ օրինակին եւ վերցնելով հայկական արտոնագիր՝ ներկայացնեն իրենց պատմական հայրենիքը, հանդես գան Հայաստանի դրոշի ներքո»,-ասաց Արթուր Գորոյանը:

Արշավորդի համոզմամբ, ժամանային առումով Հայաստանի մարզիկներին երկրի սահմաններից դուրս գալու եւ նմանատիպ մրցումների մասնակցելու համար առավելագույնը մեկ-երկու տարի է պետք լինելու: «Դա միանգամայն իրագործելի է: Դրա համար այստեղ կան եւ կարող են լինել ավելի մեծ հնարավորություններ»,-ասաց նա:

Իսկ հանդիպմանը ներկա Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը հավելեց, որ Հայաստանը տարածաշրջանում համեմատաբար ցածր մակարդակի վրա է: «Մենք չունենք ստանդարտներին համապատասխանող մրցուղի, սակայն ֆեդերացիան ջանքեր է գործադրում ավտոդրոմ ունենալու համար, որպեսզի մեր հանրությանը հասանելի լինի ավելի բարձր մակարդակով ավտոսպորտով զբաղվելը: Այդ նպատակով ներկայումս համապատասխան  ծրագրեր ենք պատրաստում կառավարությանը ներկայացնելու համար: Դա այնքան էլ հեշտ չէ կյանքի կոչելը: Մի քանի տարի կպահանջվի: Դրա համար ստիպված մեր մարզումները կազմակերպում ենք հարեւան Վրաստանում»,-ասաց նա:

Արթուր Գորոյանը կարտտինգի զարգացման հետ կապված, որն ինչ-որ առումով ավտոսպորտի հիմքն է,  տեղեկացրեց, որ ինքը սկսել է իր հետեւորդների եւ ընկերների հետ այդ ուղղությամբ կարծիքներ փոխանակել: «Պարզվեց, որ բավականին աշխատանքներ տարվում են: Կան մարդիկ, որոնք հետաքրքրված են, կան այնպիսիք, որոնք արդեն իսկ ինչ-որ բան անում են, հատկապես, Ռուսաստանից տեղափոխվածները: Դա արդեն ինչ-որ բանի սկիզբ է եւ դրական սկիզբ է»,-ասաց առաջին հայ ավտոարշավորդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ