Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքում բազմազգ խաղաղապահ ուժերի ներգրավումը շատ ավելի գործուն մեխանիզմ կլինի. Նարեկ Այվազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Նախօրերին Հայաստանից Բերձոր, Աղավնո եւ Սուս մեկնած ՀՀ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել այդ բնակավայրեր. այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության համակարգողներից Նարեկ Այվազյանը (լուսանկարում): Պատճառն այն է, որ տեղի հայ բնակչությանը հրահանգված է՝ մինչեւ օգոստոսի 25-ը լքել բնակավայրերը:

«Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է վերջերս: Նախաձեռնության անդամներն առավել ակտիվ սկսեցին գործել, երբ խոսակցություններ շրջանառվեցին, որ Բերձորը, Աղավնոն եւ Սուսը հանձնվելու են Ադրբեջանին:

Նախաձեռնության անդամների նպատակն է՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին ցույց տալ՝ իրենք մենակ չեն, իրենց հասարակության որոշակի շերտեր միշտ աջակից են լինելու՝ անկախ բոլոր այն որոշումներից, որոնք կկայացնեն այդ մարդիկ: Նաեւ՝ քաղաքացիական եւ քաղաքական պաշտպանության հստակ ուղի են ցանկանում նախանշել, այդ առիթով էլ երկու օր առաջ կառավարության շենքի մոտ ցույց էին անում՝ ՀՀ կառավարությունից հստակ քայլեր պահանջելով՝ ԱՀ-ն ճանաչելու ուղղությամբ:

Ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի այլ քաղաքացիական նախաձեռնություններ էլ կան, Նարեկ Այվազյանն ասաց, որ որոշների հետ սերտ շփումների մեջ են, փորձում են համատեղ ջանքերով արդյունքներ ապահովել:

Այսօր երեկոյան Անգլիական այգում կայանալիք հանրային քննարկման ժամանակ նախաձեռնության անդամները իրենց քայլերի ճանապարհային քարտեզը կվերջնականացնեն՝ մոտակա ժամանակահատվածի կտրվածքով:

Իսկ թե կառավարությունից ի՞նչ են ուզում, մեր զրուցակիցը պատասխանում է. «Ուզում ենք նախ, որ չտրվեն շանտաժին եւ ահաբեկմանը. հասկանում ենք, որ դա ասելն ավելի հեշտ է, քան իրականացնելը: Բայց, նաեւ ուզում ենք ասել, որ ՀՀ շատ քաղաքացիներ համամիտ չեն այն ամենի հետ, ինչ որ տեղի է ունենում: Մենք կարծում ենք, որ հակաիրավական է այդ ամենը. եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստին ենք նայում, այդ տեքստում բացակայում է հայկական բնակավայրերից դուրս գալը, թեեւ մեկնաբանությունները շատ տարբեր են, թե ադրբեջանական կողմից, թե հայկական կողմերից, թե ռուսական կողմից: Բայց մենք մեր շահերից պետք է ելնենք, ամուր պետք է կանգնենք մեր շահերի պաշտպանությանը եւ եթե մեզ բախումներ են պարտադրում՝ դրանց հակադարձել է պետք: Իհարկե, ոչ ոք պատերազմ չի ցանկանում, բայց ինչ-որ ձեւով պաշտպանվել՝ ստիպված ենք»:

Նախաձեռնության անդամները նաեւ ցանկանում են ՀՀ կառավարությունից պատասխան ստանալ՝ ի՞նչ քայլեր են արվում՝ արցախաադրբեջանական շփման գծում միջազգային խաղաղապահ ուժեր ներգրավվելու համար: Այդ մասին կառավարության վերջին նիստում խոսեց Նիկոլ Փաշինյանը: Իրենք կարծում են, որ արժե միջազգային խաղաղապահներին տեղակայել այնպես, որ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներն իրենց ապահով եւ անվտանգ զգան եւ շարունակեն ապրել իրենց տներում:

Իսկ առհասարակ, Արցախի հետ ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքում բազմազգ խաղաղապահ ուժերի ներգրավումը, ըստ մեր զրուցակցի, շատ ավելի գործուն մեխանիզմ կլինի. «Նիկոլ Փաշինյանը խոսեց, բայց հստակ բաներ չասաց: Մենք ցանկանում ենք, որ ավելի հստակեցվի ամեն ինչ, որովհետեւ տեղեկատվության բացակայությունը մեզ ավելի վատ բաներ մտածելու տեղիք է տալիս»:

Կառավարությունից նախաձեռնության անդամները դեռ պատասխաններ չունեն: Իրենց հայտարարության տեքստը նաեւ քաղաքական ուժերին են ուղարկել, սպասում են իրենց գնահատականների եւ մոտեցումների վերաբերյալ արձագանքի:

Իսկ գնահատականները եւ մոտեցումները հետեւյալն են. «Հաշվի առնելով 2020 թվականի Արցախյան 2-րդ պատերազմով պարտադրված նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որոնք հայտարարության հաջորդ իսկ պահից բազմաթիվ անգամներ անմարդկայնորեն խախտվել են Ադրբեջանի կողմից և արձանագրվել ինչպես Արցախի Հանրապետության ՄԻՊ, ՀՀ ՄԻՊ կողմից և զեկույցներն ուղարկվել միջազգային կառույցներին, ինչպես նաև արձանագրվել են շահագրգիռ միջազգային կառույցների և նրանց ներկայացուցիչների կողմից,

Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի պարտադրված հայտարարության 6-րդ կետի խախտմամբ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակչության առաջ դրվում է ապօրինի պահանջ, ըստ որի պարտադրում են հայ բնակչությանը լքել իրենց հայրենի տները, նպատակ հետապնդելով խաթարելու Արցախը Հայաստանին միացնող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակը,

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց, ահաբեկումներով, սպանություններով, պատանդներ վերցնելով իրականացվող ռազմականացված քաղաքականությունը, այդ թվում՝ ուղղված Արցախի Հանրապետության և Լաչինի մարդասիրական միջանցքում ապրող խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև մահաբեր ԱԹՍ-ներով հարձակումները Արցախում տեղակայված հայկական օրինական ուժերի վրա,

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի դիտավոր անտարբերությունը, անգործությունը և ուշացած արձագանքը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին, հայ բնակչության սպանություններին, ունեզրկումներին, հողազավթումներին, ահաբեկչություններին, պատանդառություններին,

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և Արցախ Հանրապետության կառավարությունից՝

-չտալ նոյեմբերի 9-ի հայտարարության վեցերորդ կետի ձևակերպումների այնպիսի մեկնաբանություններ, որոնք բացակայում են այդ կետից, այն է՝ Բերձորի, Սուսի և Աղավնոյի բնակիչների «տարհանումն» իրենց տներից, որպես վերոնշյալ հայտարարության իրականացում։ Հայտարարության մեջ նշված է, որ միջանցքով (ռուսերեն տարբերակ), միջանցքի երկայնքով (հայերեն տարբերակ) նոր ճանապարհի նախագիծ է ստեղծվելու կողմերի համաձայնությամբ, մինչև 2023 թվականը, ինչը չի բացառում, որ նոր միջանցքը պետք է ներառի Բերձոր, Աղավնո և Սուս հայկական բնակավայրերը։ Ընդ որում, կողմերի միջև գոյություն չունի պայմանավորվածություն նախագծի վերաբերյալ և նշյալ հայտարարությամբ չի կարող իրականացվել առանց քաղաքացիների, ներառյալ Լաչինի մարդասիրական միջանցքում գտնվող քաղաքացիների անվտանգության երաշխավորմամբ։

-չտրվել ադրբեջանական ահաբեկումներին և չթողնել Արցախի բնակիչներին առանց քաղաքական պաշտպանության։ Այդ թվում՝ թույլ չտալ Արցախի Հանրապետության իշխանությունների որևէ թևին, որպեսզի իրենք իրականացնեն քաղաքացիների «տարհանման» ծրագիր, որը ոտնահարում է քաղաքացիների համամարդկային ազատություններն ու իրավունքները։

-մերժել հանձնողական քաղաքականությունը, որը իրականացվում է իշխանությունների ներսի և արտաքին որոշ ուժերի ճնշումների արդյունքում։

-կազմակերպել ու օժանդակել Արցախի բնակչության, այդ թվում՝ Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգությունն ու պաշտպանությունը, թույլ չտալով խաթարել մարդասիրական միջանցքի կարգավիճակը։

-չապավինել բացառապես ռուսական խաղաղապահներին, որոնք ի վիճակի չեն կատարել իրենց ստանձնած խաղաղապահ առաքելությունը։

-ներգրավել Լաչինի մարդասիրական միջանցքում բազմազգ խաղաղապահ առաքելության՝ անվտանգությունից ելնելով, որպես էթնիկ զտումներից խուսափելու գործուն մեխանիզմ և համամարդկային ազատությունների և իրավունքների, այդ թվում կյանքի և սեփականության իրավունքների երաշխիք։

-բարձրաձայնել բոլոր գործընկեր երկրներում, միջազգային մամուլում Ադրբեջանի վարած մարդատյաց քաղաքականության, էթնիկ զտումների և ահաբեկչությունների ու շանտաժի մասին, որն Ադրբեջանն իրականացնում է ռուսական կառավարության լուռ համաձայնության պայմաններում՝ հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության ճանաչման համար»:

Հայտարարության տեքստն ուղարկվել է բոլոր քաղաքական ուժերին, քանի որ կարծում են, որ թե իշխող, թե ընդդիմադիր միավորումները մեր քաղաքական եւ հասարակական կյանքի ոչ միայն մասնակիցներն են, այլեւ ձեւավորողները եւ յուրաքանչյուրն իր պատասխանատվության բաժինն ունի: Ուստի, իրավիճակից ելքեր գտնելու հարցում բոլորը պետք է մասնակից լինեն:

Նախաձեռնության անդամները կարծում են նաեւ, որ պետք չէ տրվել հուսահատությանը եւ ապատիային ու մարդկանց կոչ են անում՝ «վեր կաց, եւ փոխիր»: Հավաստիացնում են, որ հանրային շրջանակներից բավական շատ դրական ազդակներ ունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ