Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նախկին ոստիկանապետ, Արցախի ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակումների հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից։

«Hetq.am» կայքում հրապարակվել էր «Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում»  վերտառությամբ հոդվածը (հղումը՝ այս հասցեով. https://hetq.am/hy/article/150516), որում հեղինակը նշել էր նաև հետևյալը. «Ահա մի դրվագ նրա գործունեությունից: Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին։

Այստեղ աշխատում էր նրա մտերիմ Աշոտ Ամիրջանյանը: Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է ստացել տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Կ.Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից: Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը: Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված, խանութներ, սննդի կետեր:»:

Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին  վկայող տվյալներ, ուստի հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»։