Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի ԱԺ Միասնական հայրենիք խմբակցության հայտարարությունը ՊԲ կազմալուծման պահանջի վերաբերյալ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի Հանրապետության ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի վերաբերյալ

Վերջին օրերին, օգտվելով աշխարհաքաղաքական տեղաշարժերից, Ադրբեջանն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ նոր օրակարգ է թելադրում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման անհիմն պահանջներ:

   Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարում է․

  • Խստորեն դատապարտում ենք ԼՂ-ում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումներն ու Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումները:
  • ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել ԼՂ-ից և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովվում է տեղի ինքնապաշտպանական ուժերի և սակավաթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցներով։
  • Արցախի բնակչության նկատմամբ շարունակաբար իրականացվող զինված հարձակումների, էթնիկ ատելության հրահրումների, հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման, հայաթափման ադրբեջանական քաղաքականության համապատկերում Արցախի ժողովուրդն այլընտրանք չունի, քան ձեռնարկել ինքնապաշտպանության միջոցառումներ:
  • Արցախի Հանրապետությունն իրացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ պաշտպանելու իր ժողովրդի հիմնարար իրավունքները ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից։ Ուստի, անթույլատրելի ենք համարում Արցախի ժողովրդի անվտանգության անվերապահ երաշխավորի՝ Արցախի Պաշտպանության բանակի, կազմալուծման կամ զինաթափման որևէ պահանջ: Նման պահանջը միաժամանակ չի արտացոլում Հայտարարությամբ ստանձնած Կողմերի պարտավորությունները:
  • Կարևորելով ՌԴ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման և խաղաղապահ առաքելություն ստանձնելու գործում, ինչպես նաև հաշվի առնելով ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիվ միջամտությունները, համոզված ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ներկայությանը միջազգայնորեն ամրագրված երաշխիքներով և հստակ գործառույթներով օժտելը օրվա հրամայականն է:

Արցախի ԶՈւ Արցախի ժողովրդի գոյաբանական նախադրյալն ու երաշխիքն է, ուստի նրա գործառնությունները սահմանափակող և իրավական կարգավիճակը վատթարացնող ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն ոչ միայն հակադարձ համեմատական է Արցախի ժողովրդի ազգային-անվտանգային շահերին, այլև ոտնձգություն է Արցախի հայկական ապագայի նկատմամբ: