Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի հարցի լուծումը պետք է տարվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տրամաբանության մեջ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը

Պարոն Գասպարյան, ռուսական բանակը անհաջողություններ է կրում Ուկրաինայի տարածքում, ի՞նչ են ցույց տալիս վերջին շրջանի գործողությունները։

Անեքսիան արդեն վավերացվեց ՌԴ Դաշնային խորհրդի կողմից, և այսօր Պուտինն ստորագրեց համապատասխան հրամանը՝ Ուկրաինայի 4 շրջանները Ռուսաստանին բռնակցելու մասին։ Այսօր արդեն ռուսական ԶԼՄ-ներում խոսվում է այն մասին, որ Ռուսաստանը կարող է այսպես կոչված ռազմական հատուկ օպերացիայի կարգավիճակը փոխել, այսինքն՝ արդեն մտցնել ռազմական դրություն և դա պաշտոնապես կոչել պատերազմ, միգուցե նույնիսկ պատերազմ հայտարարել Ուկրաինային։ Սա առաջինը նշանակում է, որ Պուտինը վերջնականպես այրում է բոլոր կամուրջները թե սեփական ժողովրդի, թե սեփական շրջապատի և թե Արևմուտքի հետ։ Երկրորդը, սա նշանակում է, որ դիմակայությունը թևակոխում է էլ ավելի սուր փուլ, ամենասուր փուլ, որից հետո արդեն լինելու է հանգուցալուծումը։ Շատերը նույնիսկ խոսում են միջուկային զենքի կիրառման մասին։

Ռուսական տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է։ Հայտի ռուս տնտեսագետ Նատալյա Զուբարևիչը և հայտնի ճապոնացի պրոֆեսոր Ֆուկույաման խոստանում են Ռուսաստանի կոլապս մոտակա օրերի ընթացքում։ Նատալյա Զուբարևիչը ասում է, որ Ռուսաստանում ինֆլյացիան արդեն 17 տոկոս է, իսկ ՀՆԱ-ն նվազել է 10 տոկոսով, դա դեռ նավթային էմբարգոն չհաշված։ Համեմատության համար նա ասում է, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ ՀՆԱ-ն նվազել էր 7 տոկոսով։ Այսինքն՝ Ռուսաստանում նման անկում եղել է միայն 1990-ականների սկզբին։ Զուգահեռ ռուսական բանակի համար իրավիճակը վատանում է ճակատում։ Ռուսական բանակը ոչ թե նահանջում է, այլ արդեն խուճապահար փախչում է և Լուգանսկի, և Խարկովի, և Խերսոնի ճակատում։ Արդեն խոսում են Խերսոնի մարզկենտրոնի մոտակա ազատագրման և Դնեպրի աջ ափին ռուսական խոշոր զորամիավորման ջախջախման մասին։ Ուկրաինական բանակը մի քանի օրում խորացել է մի քանի տասնյակ կիլոմետր՝ շարժվելով Դնեպրի աջ ափով։

Այս ամենը մեզ պետք է սթափեցնի և պետք է պարզ հասկանանք մեկ ճշմարտություն՝ մենք դա ցանկանում ենք, թե ոչ, պուտինյան Ռուսաստանը շարժվում է դեպի կատարյալ տապալում։ Եվ շատերը նույնիսկ խոսում են Ռուսաստանի մասնատման մասին։ Ես արդեն որևէ կասկած չունեմ, որ պուտինյան ռեժիմի օրերը հաշված են, և Պուտինի շրջապատը մոտակա շաբաթների ընթացքում կնախաձեռնի Պուտինին իշխանությունից հեռացնելու գործընթացը՝ Արևմուտքի հետ պայմանավորվելով՝ պատերազմը դադարեցնելու և սեփական ունեցվածքն ու կյանքերը փրկելու դիմաց։ Այսինքն՝ կլինի պալատական հեղաշրջում, որն անպայման կուղեկցվի զանգվածային ցույցերով։ Այնպես որ, հոկտեմբերի 7-ին Պուտինի 70 ամյակը կլինի նրա վերջին ծննդյան օրը։

Հայաստանում մնում է այս ամենից մեկ հետևություն անել, որ օր առաջ պետք է ազատվել այս ապիկար իշխանություններից և ժողովրդի կամքի պարտադրմամբ ձևավորել ազգային անցումային կառավարություն, որն ստեղծված իրավիճակին համարժեք քայլեր կկատարի՝ փրկելով Հայաստանը կործանումից, պետականության կորստից, տնտեսության կոլապսից՝ Արևմուտքի մեկնած ձեռքը սեղմելով։ Այդ կառավարությունը պետք է նախ իրավաքաղաքական գնահատական տա վերջին 30 տարիների նեոգաղութացման հետևանքով Հայաստանում իշխած ադմինիստրացիաներին ու նրանց կատարած հանցանքներին ու կատարի դրանից բխող անցումային արդարադատության ու լյուստրացիայի քայլերը։ Պետք է հռչակվի Առաջին Հանրապետության իրավահաջորդությունը, դրանից բխող իրավական քայլերով։ Այսինքն՝ Արցախի հարցի լուծումը պետք է տարվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տրամաբանության մեջ։

Այս օրերին եղավ տեղեկություն, որ Բաքուն պահանջում է սահմանազատման գործընթացն իրականացնել 1919-20 թվականների քարտեզներով, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Ադրբեջանը, հրաժարվելով Խորհրդային քարտեզներից և առաջարկելով 1919-20 թվականների քարտեզները, որոնք մերժվել էին Ազգերի լիգայի կողմից, մեզ հուշում է կատարել համարժեք քայլ։ Նախ Բաքուն դեռևս 1991 թվականի հոկտեմբերի 18-ին հռչակել է Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը՝ հրաժարվելով խորհրդային ժառանգությունից ու սահմաններից։ Երկրորդ, ԽՍՀՄ սահմաններն անօրինական են, ներկա սահմաններն առաջացել են Հայաստանի օկուպացիայի, անեքսիայի և Մոսկովյան պայմանագրի հետևանքով ու երբևիցե չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից։ ԱՊՀ-ի այսպես կոչված պայմանագիրը վկայակոչելով՝ Փաշինյանը և մյուսները թյուրիմացության մեջ են գցում հայ ժողովրդին։ Հայաստանն է եղել միակ երկիրը, որը ճանաչվել է Ազգերի լիգայի կողմից, իսկ Ազգերի լիգան այն ժամանակվա ՄԱԿ-ն էր։ Եվ Հայաստանը ճանաչվել է իր սահմաններով, հետևաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից առավելությունը և բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են։

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանից ուզում է այն, ինչ Ուկրաինայից է ուզում։ Այս հրապարակումներն ի՞նչ են ցույց տալիս։

«Հայկական ժամանակում» այդ արտահոսքն անելով՝ Նիկոլ Փաշինյանը երկու նպատակ է հետապնդում։ Նախ ինքը սեփական ժողովրդին շանտաժի է ենթարկում, ասելով՝ եթե մենք գոնե չճանաչենք այս 29 800 ք/կմ խորհրդային սահմանները, Ադրբեջանն ավելի վատ քարտեզներ դեմ կտա։ Երկրորդը, ինքը դրանով հակադարձում է Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան հանդիպումներին և նախկինների նկրտումներին՝ տեսնելով սեփական աթոռը կորցնելու վտանգը։ Մենք բազմիցս ասել ենք, որ Պուտին-Լավրովի պլանը ենթադրում է Արցախի օտարում, միջանցքների ստեղծում, որոնք թույլ կտան Ռուսաստանին ցամաքային կապ ունենալով Թուրքիայի հետ՝ շրջանցել պատժամիջոցները և Հայաստանի բռնակցում «Միութենական պետությանը»։ Այսինքն՝ ոչ միայն Մոսկվայի պայմանագրի ստատուս-քվոյի ամրապնդում, այլև ընդհանրապես Հայաստանի պետականության ոչնչացում, ինչը հիմա արդեն ասում են բոլորը։ Չնայած Պեսկովը ժխտեց Մոսկվայի այդ պլանները, բայց ժխտելով հանդերձ ինքը միայն հաստատում է, որ նման պլաններ կան։

Այնպես որ, լինել-չլինելու, պետականություն ունենալ-չունենալու հարց է դրված։ Եվ հայ ժողովրդի կամ գոնե նրա գիտակից հատվածի վճռական քայլերից է կախված Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, Արցախի և մեր գալիք սերունդների ապագան։ Նաև այն, թե մենք որքանով կկարողանանք իմաստավորել մեր հազարավոր տղաների թափած արյունն ու կորցրած կյանքերը։