Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախից տեղահանված վերաբնակիչների բնակարանային ապահովման ծրագիրը սառեցված չէ․ Նախարար

Արցախից տեղահանված վերաբնակիչների բնակարանային ապահովման ծրագիրը սառեցված չէ, ընթացքի մեջ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի օկուպացված տարածքներից՝ Քաշաթաղից, Քարվաճառից ու Շուշիից տեղահանված վերաբնակիչները ահազանգել էին, որ չեն կարողանում Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով բնակարաններ ձեռք բերել։ Բնակարանների վկայագրերը նրանք ստացել են, բայց կառավարության որոշմամբ սահմանված պայմաններն այնպիսին են, որ մարդիկ չեն կարողանում օգտվել դրանից։

Նախարարն ասաց, որ բանկերի ու Կենտրոնական բանկի հետ քննարկումներ են անում՝ պայմանները մեղմացնելու համար։

«Ինչ վերաբերում է իրենց վարկունակության հետ կապված հարցերին, մենք բանկերի հետ քննարկում ենք, ԿԲ գործընկերների հետ էլ ենք քննարկում, որպեսզի բանկերն առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերեն և վարկունակությունը չդիտարկեն։ Քաշաթաղցիների կողմից հարց էր բարձրացվել, որ իրենք արդեն իսկ ուսումնասիրել են տարբեր մարզերում հողակտորներ, որպեսզի հնարավորություն տրվի իրենք այդ 10, 12, 14 մլն դրամի մի հատվածն ուղղեն հողակտոր գնելուն, մյուս հատվածը՝ կառուցմանը։ Մենք ստացել ենք այս առաջարկները, դրական ենք արձագանքել, դրանց մեծ մասն ընդունելի ենք համարել, ևս մեկ քննարկում կունենանք։ Այսինքն՝ ծրագիրը սառեցված չէ, երբ հանդիպեցինք քաշաթաղցիներին, նրանք խոսում էին տարբեր մարզերում տարբեր բնակարանների մասին և փորձում են ծրագրի շրջանակներում այդ բնակարանները ձեռք բերեն»,- ասաց նախարարը։