Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախում 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

Արցախի Հանրապետության կառավարության հրապարակել է շրջափակման 57-րդ օրվա՝ փետվարի 5-ի դրությամբ երկրում տիրող իրավիճակը. 

Արցախի առողջապահության նախարարության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում արդեն ծնվել է 204 երեխա։ Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղության հետ։  

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Փետրվարի 5-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 70 հիվանդ:

Արցախի Հանրապետության  պետական եկամուտների կոմիտեից, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2,800.0 մլն դրամ ցուցանիշի համեմատ թերակատարվել է 32.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 28.5 տոկոսով:

Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ,  որի հետևանքով  իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:

Օրվա վիճակագրական թարմացումներ

6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 204 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 580 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։

Ավելի քան 22,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Կարևոր փաստեր

Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 57 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:

Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։

5,528  երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:

Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո  Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ  հետ իրականացվում էր մի միջանցքով։

Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին  այդ անխոչընդոտ կապը։

Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված,  «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։

Արդեն 53 օր է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,...  դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։

Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։