Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց․ նախարար

Արցախում շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալական ծրագրերի շրջանակում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածոււմ աշխատանքից ազատված անձանց: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքից ազատված աշխատողներին ընթացիկ տարվա հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի այն դեպքում, երբ  ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել:

«Այն աշխատողներն, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68 հազար դրամ աջակցություն: Եթե աշխատավարձը կազմում էր 68 հազարից ցածր, ապա այդ չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 68 հազար դրամ», հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ սոցիալական մյուս ծրագրով էլ  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք  չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն:

«Այս պարագայում չաշխատող են համարվելու նաև չգրանցված աշխատողները: Եթե մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 40 հազարական դրամ, իսկ եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա 20 հազար դրամ աջակցություն: Միակ ծնողի չաշխատելու դեպքում ընտանիքին կտրամադրվի 40 հազար դրամ»,-մանրամասնեց  նախարարը՝ հավելելով, որ սոցիալական աջակցության վերաբերյալ այս որոշումն առաջիկայում կներկայացվի հաստատման: