Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Արցախում աշխատանք կա»

Այսօր Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Ստեփանակերտում կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ՝ «Արցախում աշխատանք կա» խորագրով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ,  միջոցառման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի պաշտպանության Արցախյան պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին:

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով, աշխատանքի տոնավաճառ կազմակերպելու նպատակն աշխատանք փնտրողներին և բոլոր գործատուներին մեկ վայրում համախմբելն է, որպեսզի հանդիպեն և քննարկեն, թե ով ինչ ունի առաջարկելու:

«Մենք հույս ունենք, որ այս միջոցառման արդյունքում բազմաթիվ գործատուներ և աշխատանք փնտրողներ կգտնեն իրար և փոխշահավետ պայմանավորվածության կհանգեն, ինչը սոցիալական խնդրի լուծման և տնտեսության համար որոշակի խթան կապահովի: Մենք լրացուցիչ այլ միջոցառումներ և մեխանիզմներ էլ ենք մտածում, որպեսզի աշխատանք կամ աշխատող գտնելը հեշտ լինի՝ շարունակաբար: Դրան զուգահեռ, իհարկե, շատ անելիքներ կան զբաղվածության ոլորտում, այդ թվում՝ վերապատրաստումների, որակավորման ապահովման ուղղությամբ»,-ասել է Ա. Բեգլարյանը:

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Համլետ Պետրոսյանը հայտնել է, որ տոնավաճառին մասնակցում է 61 գործատու՝ ներկայացնելով 1500-ից ավելի թափուր աշխատատեղեր 14 ոլորտներում: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տոնավաճառն իր բնույթով ավելի մեծ է, արդյունքները կամփոփվեն երկու ամիս հետո: