Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախում տեղի ունեցողը քաղաքական ճգնաժամ է, որն արցախցուն բերում է բարոյահոգեբանական տեռորի. Հռիփսիմե Ստամբուլյան

«Այն, ինչ Արցախում տեղի է ունենում, շղթայված, երկար ճանապարհ է անցել, մեկ օրվա նորություն չէ։ Բազմաթիվ ելույթներում անդրադարձել ենք, որ Արցախը վտանգված է, վտանգված է նաև Հայաստանը»,- «Լույս թունելի վերջում» հարթակի չորրորդ՝ «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության, միջազգային անգործության և հանցավոր անտարբերության ճիրաններում» խորագրի ներքո քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը։

Նրա խոսքով, այն որ Հայաստանը ևս ապահովագրված չէ այն ամենից, ինչ Արցախում տեղի է ունենում, ևս ակնհայտ է։

«Ճիշտ է՝ հաճախ խոսում ենք  հումանիտար բնույթից, բայց գիտակցում ենք, որ  Արցախում տեղի ունեցողը քաղաքական ճգնաժամ է, որն արցախցուն բերում է բարոյահոգեբանական տեռորի։

Այն ամենը, ինչ այսօր Ադրբեջանն անում է, հերթական  հանցագործությունն է արցախցիների հանդեպ։ Այն, ինչ կատարվում է, Արցախի հայաթափման նպատակով է արում»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը։

Նա նշեց, որ  իշխանություններն ունեն զրո դիվանագիտական հարաբերություններ ոչ միայն դաշնակիցների, այլ ընդհանուր միջազգային հանրության հետ։

«Մարդն, ով գոռում էր, բղավում էր՝ Արցախը Հայաստան է, այսօր  շատ հեշտ ասուլիսի ժամանակ ասում է, որ արցախցին պետք է ինքը լուծի իր հարցերը։
Արցախցու համար ամենակարևոր բանը՝ Հայաստանը, Սփյուռքը իր թիկունքում զգալն է, եթե արցախցին դա չզգաց, իսկապես,  կոտրվելը շատ հեշտ է լինելու։

Արցախցու ձայնը պետք է հայաստանյան իշխանությունները հասցնեն միջազգային հանրությանը, բայց չեն անում։
Սպասել, որ այս իշխանությունները որևէ բան կանեն հանուն Արցախի... Ասում են, որ այլևս Արցախի հետ որևէ գործ չեն ունենալու։ Մեր միակ փրկությունը հանրային կոնսոլիդացիան է, հանրային քաղաքական բոլոր ուժերի միավորումն է, Սփյուռքի Արցախի և Հայաստանի հայերի միավորումն է»,- ասաց Հ. Ստամբուլյանը։