Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախում ծնվող պոեզիան` գերմաներեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Գերմանական «Glare Verlag» հրատարակչությունը հրատարակել է «Կապույտը շոյում է մտքիս թեւերը» գիրքը, որտեղ հայերեն եւ գերմաներեն լեզուներով ներկայացված են արցախաբնակ տասնվեց հեղինակների բանաստեղծություններ: Գրքի խմբագիրն ու թարգմանիչը գերմանաբնակ Ագապի Մկրտչյանն է։

Օրերս Ստեփանակերտում բանաստեղծուհիներ Զարինե Սառաջյանի, Ալիսա Բաղդասարյանի ու Սոնա Համբարձումի նախաձեռնությամբ կայացավ գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսի ընթացքում Արցախի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոց համալսարանի եւ Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսանողներն ասմունքեցին գրքում տեղ գտած ստեղծագործությունները։ Երեկոյի երաժշտական մասն ապահովեցին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտ ուսանողները։

«Այս ամենի մեջ ամենակարեւորն օտարերկրացու մեջ նորից արթնացնելն է այն գիտակցումը, որ գոյություն ունի մի փոքրիկ երկիր, որի անունն Արցախ է։ Երկիր, որտեղ ոչ միայն պատերազմ է եւ երկիր, որտեղ ապրում, ստեղծում եւ ստեղծագործում են ամուր մշակույթ ունեցող մարդիկ»,-շնորհանդեսի ժամանակ նշել է թարգմանչուհի Ագապի Մկրտչյանը, ավելացնելով, որ Արցախում ապրող գրողը գերմանացի ընթերցողին ներկայանում է իր ցավով, կորստով, սիրով ու ճակատագրով։

Իսկ գրքի վերջաբանը` պատմաճանաչողական ակնարկն Արցախի մասին, գրել է գերմանացի գիտնական, հայագետ, ցեղասպանագետ Տեսսա Հոֆմանը։ Թարգմանչուհու խոսքով` նպատակն այն է, որ գերմանացի ընթերցողը ճանաչի Արցախն ու ըստ այդմ էլ այնտեղ ծնվող պոեզիան։
Ագապի Մկրտչյանը նշեց` այն բոլոր գործերը, որոնք տեղ են գտել «Կապույտը շոյում է մտքիս թեւերը» գրքում, իր աչքերով ու գերմաներեն լեզվի ընկալմամբ ամեն մեկը յուրովի գեղեցիկ է։

Շնորհանդեսի ժամանակ ելույթներ ունեցան գրողներ, գրականագետներ, դասախոսներ։ Բանաստեղծուհի Սոնա Համբարձումի խոսքով` սա շատ կարեւոր նախաձեռնություն է եւ միաժամանակ կարեւոր իրադարձություն Արցախի գրական ընտանիքում։ «Վաստակ ունեցող գրողների կողքին արդեն երիտասարդ հեղինակներն են տպագրվում, ինչը միայն ողջունելի է»,-ասաց Սոնա Համբարձումը։

Շնորհանդեսի վերջում թարգմանչուհի Ագապի Մկրտչյանն ասաց, որ արդեն որոշել է` գիրքը ներկայացնելու է Գերմանիայի տարբեր քաղաքներում հենց գերմանացի ընթերցողներին։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ