Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախցի մարզիկը Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Իտալիայի Լինյանո Սաբիադորո քաղաքում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը անցկացված երիտասարդների և մեծահասակների խառը մենամարտերի (2022 IMMAF European Championships) Եվրոպայի առաջնությունում արցախցի մարզիկ Վասակ Բարսեղյանը 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել։ Հոկտեմբերի 5-ին, Ստեփանակերտի Ս.Շահումյանի անվան օղակաձև պուրակում մարզիկին և մարզչին դափնեպսակներով դիմավորել են սպորտի գերատեսչության անդամները, ընկերն ու հարազատները:

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ առաջնությանը մասնակցում էր 30 երկիր: ՀՀ հավաքականի կազմում Արցախից ընդգրկված էին Լևոն Ծատրյանն ու Վասակ Բարսեղյանը: Լևոնին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել: Իսկ Վասակ Բարսեղյանը՝ հաղթելով Չեխիայի և Գերմանիայի ներկայացուցիչներին, արժանացել է առաջնության բրոնզե մեդալին:

Վասակը Եվրոպայի առաջնությանը առաջին անգամ է մասնակցում:

«Նպատակ ունեի հաղթանակով վերադառնալ, սակայն իմ սպասելիքները չարդարացան: Վնասվածքի պատճառով չկարողացա ցանկալի արդյունքի հասնել: Մյուս անգամ կփորձեմ ավելի լավ ցուցանիշներ գրանցել, խոսքը աշխարհի առաջնության ոսկե մեդալի մասին է»,- ասում է Վասակը:

Մարզչի խոսքով՝ սա մեծ նվաճում է, քանի որ վերջին անգամ Եվրոպայի և աշխարհի առաջնություններից ունեցել ենք մեդալ երեք տարի առաջ:

«Մենք կարողացանք նման հաջողության հասնել քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Տարվա ընթացքում պետական աջակցությամբ մի շարք մրցաշարերի, ուսումնամարզական հավաքների ենք մասնակցել: Կուզենայի առանձնացնել նաև Վասակի նպատակասլացությունը, մարզչին լսելու, հավատալու ունակությունը»,-ասում է Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ, Արցախի խառը մենամարտերի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Գարեգին Աղաբալյանը:

Այժմ մարզիկի և մարզչի համար առաջնային խնդիրը Վասակի առողջության վերականգնումն է, որպեսզի կարողանան մասնակցել աշխարհի առաջնությանը: