Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ասում են՝ եթե գողը տնից լինի, եզը երդիկից կհանեն. հիմա այդ գողը ոչ միայն տնից է, այլ տան ղեկավարն է». Գագիկ Մինասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Այսօրվա իշխանությունները իրենց իշխանության գալու օրից սկսած՝ հետեւողական իրականացնում են թուրք-ադրբեջանական ծրագիրը: Առանց որեւէ չափազանցության կարելի է ասել, որ նրանք թուրք-ադրբեջանական օկուպացիայի տակ են այսօր պահում մեր պետությունը: Այս պարագայում պետք չի մտածել, որ նրանք ինչ-որ սխալներ են թույլ տալիս, այդ սխալներն ինչպես կարելի է շտկել: Պետք է վերաբերվել ճիշտ այնպես, ինչպես վերաբերվում են օկուպացրած իշխանության պարագայում այդ երկրի բնակիչները՝ նրանք հայտարարում են ազգային ազատագրական պայքար ու բոլոր հնարավոր ճանապարհներով ազատվում են օկուպանտներից»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված դրույթներին, որոնք, ըստ էության, հակահայկական են, էլ ավելի թուրքամետ մեկնաբանություններ են տալիս ու իրականացում հենց այդ տեսանկյունից ելնելով. «Հայկական մի շատ լավ ասացվածք կա, ասում են՝ եթե գողը տնից լինի, եզը երդիկից կհանեն: Հիմա այդ գողը ոչ միայն տնից է, այլ տան ղեկավարն է: Պարզ է, որ կորուստները շատ տրամաբանական ու բնական են: Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրը շատ հստակ է ձեւակերպված այդ եռակողմ հայտարարության մեջ: Լաչինի միջանցքի տարածքով պետք է ընթանար նոր ճանապարհը, որի կառուցումը պետք է համաձայնեցվեր երեք կողմերի հետ՝ Հայաստանի ու ՌԴ-ի հետ էլ: Ակնհայտ է, որ այդ համաձայնությունը չի եղել առնվազն գրավոր: Սակայն երբ ադրբեջանական կողմը հոխորտում է, ուրեմն այդ համաձայնությունը տրվել է հայկական կողմից, հակառակ պարագայում վերաբերմունքը բոլորովին այլ կլիներ: Ես լսել եմ նաեւ «Ադրբեջանի Հանրապետության նախարարի» հարցազրույցը, որն, ի դեպ, հայտնի է իր կոռուպցիոն գործերով, հայտնի է նրանով, որ ինքը եկավ ու հորդորեց Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին լքել իրենց տները, բայց ինքն ասում էր, որ այդ համաձայնությունը տվողը Արցախի Հանրապետությունը չի, դիմեք ՀՀ վարչապետին: Եթե կա այդպիսի բան, ուրեմն ինքն է տվել առնվազն բանավոր համաձայնություն»:

Գագիկ Մինասյանի դիտարկմամբ, այսօր կառուցվող նոր ճանապարհը, որի օրինականությունը որեւէ քննադատության չի դիմանում, գտնվում է Աղավնոյից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա, հետեւաբար այն գտնվում է Լաչինի միջանցքում. «Եթե այդ նոր ճանապարհը գտնվում է Լաչինի միջանցքում, հետեւաբար դրանից 2,5 կմ աջ եւ ձախ եւս պետք է գտնվի այդ նոր ճանապարհի այն հատվածը, որը պետք է որպես միջանցք ապահովի նոր ճանապարհի անվտանգ գործունեությունը: Այստեղից ակնհայտ է դառնում, որ Աղավնո գյուղը գտնվում է այդ նոր ճանապարհի միջանցքում, հետեւաբար ընդհանրապես անտրամաբանական է այդ նոր ճանապարհի միջանցքում գտնվող գյուղը վերաբնակեցնել: Սա ընդհանրապես որեւէ տրամաբանության չի ենթարկվում: Սա հայրենազրկում է: Միջազգային իրավական փաստաթղթերով հայրենազրկումը ժողովրդի նկատմամբ իրականացվող լրջագույն հանցագործություններից մեկն է: Այսօրվա ՀՀ իշխանությունը եւ նրա գործընկեր Ղարաբաղի իշխանությունը հայրենազրկում են իրականացնում՝ կազմակերպված ձեւով, ադրբեջանական ու թուրքական սցենարով: Ինչո՞ւ պետք է Աղավնո գյուղը տարհանվի նույնիսկ չեմ ուզում խոսել խախտումների մասին, որ այդ նոր կառուցվող ճանապարհի մի զգալի մասը դուրս է Լաչինի միջանցքից, դրա նախագիծը պետք է համաձայնության արժանանար ՌԴ-ի եւ ՀՀ-ի կողմից: Ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից չի եղել, Հայաստանի կողմից գրավոր չի եղել: Այս ամեն ինչի պարագայում ակնհայտ է, որ Հայաստանում իշխանության են եկել ադրբեջանական եւ թուրքական գործակալներ եւ իրականացնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի ծրագիրը: Նոր ապօրինի այդ ճանապարհը եւս իր միջանցքի մեջ է մտցնում Աղավնո բնակավայրը; Ինչո՞ւ են իշխանությունները կոչ անում, որ Աղավնոյի բնակիչները հեռանան: Սա հայրենազրկում է եւ սրա մեղավորները պատասխան են տալու, սրա պատասխանը չի ուշանալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ