Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այդ ամենն ուղղորդվում է մեկ կենտրոնից, գաղութարարը նպատակ ունի հերթական զիջումից առաջ խուճապի ու վախի մթնոլորտ ստեղծել

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը

Պարոն Գասպարյան, Հայաստանում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին, ինչպե՞ս եք գնահատում ռուսական կողմի ձևակերպումները և ընդհանրապես այս քայլը։

Նախ ուզում եմ ասել, որ Ազգային ժողովրդավարական բևեռը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, որում նշված կլինեն պայթյունի հնարավոր մեղավորները։ Այսինքն՝ մենք որևէ վարկած առաջ չենք քաշել՝ դա ահաբեկչություն է, թե տեխնիկական խնդիրների հետևանք։ Բայց սա թող չգնահատեն որպես արդարացում։ Մենք հաղորդագրություն ենք տարածել հասարակական և պետական նշանակության շենքերում ռումբերի տեղակայման կեղծ ահազանգերի վերաբերյալ։ Դարձյալ մենք կոնկրետ որևէ երկրի անուն չենք տվել, պարզապես ասել ենք, որ այդ ամենը պատահական չէ, ուղղորդվում է մեկ կենտրոնից և գաղութարարը նպատակ ունի հերթական զիջումից առաջ խուճապի ու վախի մթնոլորտ ստեղծել, և բնակչությանը կոչ ենք արել չտրվել սադրանքների։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը ևս հասկանում է, որ ռումբերի մասին ահազանգերի հաճախականությունը պատահականություն չէ, պարզ է, որ սա ինչ-որ կենտրոնից կազմակերպված է։ Միաժամանակ, Ռուսաստանի պրոպոգանդիստ գործակալների կողմից «Սուրմալու»-ի պայթյունի համար ուղղակիորեն մեղադրվել է «Սասնա ծռեր» ուժը, որ իբր իրենք են կազմակերպել այդ պայթյունը, որ իբր պլանավորում են նոր պայթյուններ։ Ընդ որում, նրանք Ազգային ժողովրդավարական բևեռի անունը չեն հիշատակում, «Սասնա ծռերի» անունն են հիշատակում՝ դրանով փորձելով ժողովրդի մոտ «Սասնա ծռերին» ահաբեկիչներ ներկայացնել։ Սա ինձ հիշեցնում է նախորդ տարվա նախընտրական քարոզարշավը, երբ ընտրություններից բառացիորեն մեկ օր առաջ, այսպես կոչված, քաղաքագետ Կարինե Գևորգյանը, ով իմ խորին համոզմամբ ռուսական ծառայությունների գործակալ է, հայտարարեց, թե իբր «Սասնա ծռերը» պլանավորում են հարձակվել ռուսական դեսպանատան և ռազմաբազայի վրա։ Իրենք կոնկրետ նպատակ ունեին ընտրություններից մեկ օր առաջ ժողովրդին վախեցնել։ Նույնը արվում է հիմա, կեղտոտ զրպարտություն է սա։ Եվ սա միգուցե Բևեռի հանդեպ քաղաքական կամ ոչ քաղաքական հետապնդումների, հալածանքների հարմար ֆոն ստեղծելու նպատակ է հետապնդում։

Ընդհանրապես ի՞նչ նպատակ է հետապնդում ռուսական կողմն այս իրադարձությունների համատեքստում։

Պատճառը շատ պարզ է ու ակնհայտ։ Ռուսաստանը հերթական անգամ փորձում է Հայաստանից քաղաքական զիջումներ կորզելու նպատակով հայ ժողովրդի մեջ վախի ու խուճապի մթնոլորտ ստեղծել, որպեսզի կոտրի ժողովրդի դիմադրության ոգին։ Հենց այն պահին, երբ Ռուսաստանը ցինիկ հայտարարություն է անում, այդ նույն պահին նույն Ռուսաստանն օգնում է թուրքին Բերձորը, Աղավնոն հանձնելու հարցում։ Ռուսական խաղաղապահ զորքերն այլևս հերթապահություն չեն անում Լաչինի միջանցքի երկայնքով, այսինքն՝ հենց ռուսները հանձնում են այդ միջանցքը։ Դրանից առաջ ռուսները թուրքերին օգնեցին, որ մենք կորցնենք Փառուխը, դրանից առաջ՝ Խծաբերդն ու Հին Թաղերը։ Այսինքն՝ հարձակումը լավագույն պաշտպանությունն է, սա է իրենց կեղտոտ վարվելակերպը։

Ռուսաստանը Հայաստանի ներսում և դրսում ունի լայն գործակալական ցանց, ներսում միկաբադալյաններն են, դրսում՝ մարգարիտասիմոնյանները, պեգովները, որոնք Հայաստան պետության դեմ ակտիվ հակաքարոզ են անում։ Նպատակը մեկն է՝ շարունակել Հայաստանը տանել «Լավրովյան պլանի» իրականացման ճանապարհով, որի վերջնանպատակն է Արցախի օտարում, Հայաստան պետության, ինքնիշխանության վերացում և Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու գործընթաց։ Դրա համար պետք է երկրի ներսում ստեղծեն խուճապի, վախի, անպաշտպանության մթնոլորտ, ինչով նրանք հիմա զբաղված են։ Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանը դեռևս համարվում է ժողովրդավարական երկիր, որտեղ գործում է խոսքի և կարծիքի ազատություն։ Ես չեմ բացառում, որ, օրինակ, ԱԺԲ շարքային անդամների կողմից եղել են ֆեյսբուքյան գրառումներ, որտեղ այդ մարդիկ իրենց  անձնական կարծիքն են հայտնել՝ առաջ քաշելով «Սուրմալու»-ում ռուսական հետքի մասին վարկածը։ Դա ամբողջովին տեղավորվում է խոսքի ազատության շրջանակներում։ Այսինքն՝ իրավապահ մարմինները, շուտափույթ հետաքննություն անելով և մեղավորներին պատժելով, միանգամից կցրեն բոլոր կասկածները։ Ընդհանրապես ես ուզում եմ ասել, որ «Սուրմալու»-ի դեպքերը, անկախ նրանից, թե որն էր պատճառը, ինքը փաստը խոսում է այն մասին, որ Հայաստանում չկա իշխանություն, անվտանգություն, պաշտպանվածություն։

Այս հայտարարությամբ ռուսական կողմը ինքն իրեն է արջի ծառայություն մատուցում։ Նման կացնային, ցինիկ ու կոպիտ, կայսերապաշտական քաղաքականության շնորհիվ ռուսական կայսրությունը 300 տարի շարունակ կորցնում է իր բոլոր դաշնակիցներին, ընկերներին, հարևաններին, առաջին հերթին Հայաստանին։ Ռուսական կայսրության քաղաքականության հետևանքով հենց Հայաստանն է ամենամեծ վնասը կրել՝ սկսած Կոստանդնուպոլսի 1724 թվականի պայմանագրից մինչև 44-օրյա պատերազմ, Արցախի օտարում, Փառուխի, Բերձորի, Աղավնոյի, Լաչինի միջանցքի հանձնում։ Համար մեկ մեղավորը հենց Ռուսաստանն է, և պետք չէ ուրիշի վրա սլաքներն ուղղել։ Նման քայլերը միգուցե մեր բնակչության մոտ կառաջացնեն «գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին» կասկածներ։