Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այդ զեկույցն էլի շենքի ինչ որ կաբինետներում պտտվում է, ինձ չի հասել. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինարարության բարեկարգման վարչությունը պետք է զեկուցեր Նոր Արաբկիր զբոսայգում իրականացված բարեկարգման աշխատանքներում առկա թերություններ վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։

«Այստեղ նոր խնդիր է  առաջացել կողքի բազմաբնակարան շենքի սեփականատերերի հետ, բայց մինչև շաբաթվա վերջ հարցը կլուծվի»,- նշեց զեկուցողը։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ խնդիր է։

«Շատրվանների ջրահեռացման հարցը։ Գիծն իրենցն է, թույլ չեն տալիս, որպեսզի միացում արվի։ Ասում են՝ մեր կողմից է կառուցվել»,- պատասխանեց վարչության ներկայացուցիչը։

Հ. Սարգսյանն էլ արձագանքեց. «Այգին բարեկարգել ենք, հիմնականում իրենք են օգտվելու այդտեղից,  հիմա թույլ չեն տալիս, որ միացում անենք։ Ինչ անենք՝ փակենք, ասենք այգին էլ քաղաքի կողմից է կառուցվել, չնայեք հա՞։ Չեմ կարողանում հասկանալ, էլի»։

Բնապահպանության վարչությանը հանձնարարված է եղել՝ ձեռնարկել  անհրաժեշտ միջոցներ աղբաորսիչներ ձեռք բերելու նպատակով մրցույթ հայտարարելու ուղղությամբ և զեկուցել։
Զեկուցվեց, որ աղբաորսիչների  ձեռքբերման, գնման հայտը ներկայացվել է քաղաքապետի  համաձայնությանը, նաև ներկայացրել են ներկայումս արդեն գործող աղբաորսիչի արդյունավետության վերաբերյալ զեկուցագիր, սպասում են հանձնարարականին։

Հ.Սարգսյանը պատասխանեց.  «Ասեք արդյունավե՞տ է, թե՞ արդյունավետ չէ, ինձ չի հասել, երևի պտտվում է շենքում էլի ինչ-որ կաբինետներում»:

Նշվեց՝ նպատակահարմար է ևս մեկ-երկու հատ տեղադրել։

«Կարծում եմ՝ երկու  հատի անհրաժեշտություն կա։ Երևանյան լճում խայտառակություն է, մի ամիս առաջ մաքրել էինք, էլի աղբը հավաքվել է»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։