Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այս բլուրը ՀՀ սուվերեն տարածքում է, բայց վրան նստել են ադրբեջանցիները»․ ավերված Կութը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Գեղարքունիքի մարզում գտնվող Կութ բնակավայրը, որը Վարդենիս խոշորացված համայնքի մաս է, տուժել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից։ Ինչպես Սոթքը, Կութը եւս հայտնվել է թշնամու ուղիղ նշանառության տակ։ Այստեղ վնասվել է գյուղապետարանի շենքը, որում տեղակայված էր նաեւ բուժկետը․ պատուհաններն ամբողջությամբ ջարդված են, իսկ գույքը դարձել է անպիտան։ Վնասվել են նաեւ 2 բնակչի պատկանող կառույցները, 1 ավտոմեքենա, 2 անասնագոմ։ Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները նաեւ Կութ այցելեցին՝ սեփական աչքով տեսնելու Ադրբեջանի հարձակման հետեւանքները։


Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նրանց բացատրեց, որ համայնքապետարանից բացի, Ադրբեջանը թիրախավորել է դպրոցի շենքը՝ հրթիռակոծելով այն․ «Սա ակնհայտ է դարձնում, թե ինչպես են թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Իսկ այս կողմում խոտհարքներն են, որոնց մի մասից զրկվել են բնակիչները։ Սա ՀՀ սուվերեն տարածք է՝ այս բլուրը, բայց դրա վրա հիմա ադրբեջանական զորքերն են։ Ինչպես հասկանում եք, ողջ գյուղն ուղիղ թիրախի տակ է, այդ թվում՝ համայնքապետարանն ու դպրոցը»։

Կութում քիչ թվով մարդիկ էին մնացել․ որոշների բերքը ծառերի տակ թափված էր։ Մի տղամարդ տեսախցիկներից հեռու ցանկանում էր բարձրաձայնել, որ անորոշ, անելանելի վիճակում են, չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել, զրկվել են ցորենի արտերից, իսկ հարձակման ժամանակ հազիվ հասցրել են երեխաներին գյուղից հանել։

Հավելենք, որ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի հարձակման հետեւանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել են 4-ը․ մեկ քաղաքացու գտնվելու վայրը անհայտ է:

Սոթքի, Կութի օրինակները հերթական փաստարկն են, որ Ադրբեջանի ագրեսիվ, պատերազմական հանցագործություններով ուղեկցվող գործողություններն ու զավթողական քաղաքականությունը, հայկական կողմի խաղաղ բնակչության իրավունքների խախտումներից բացի, նաեւ նրանց հայրենազրկելու նպատակ ունի։

Հարձակումից տուժել է նաեւ Վերին Շորժա բնակավայրը, որտեղ վնասվել են 8 բնակելի տներ, հրդեհվել են 5 բնակիչների 40 հա խոտհարքները, 10 հա գարու և 70 հա ցորենի տարածքները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ