Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այս գործը բացառապես քաղաքական հետապնդում է․ փաստաբանը՝ Վահագն Վերմիշյանի համար պահանջվող 15 տարվա ազատազրկման պահանջի մասին․ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատախազությունը դատարանին միջնորդել է, որ նրա նկատմամբ պատիժ նշանակեն 15 տարվա ազատազրկմամբ։ Մեզ հետ զրույցում Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը հաստատեց այս տեղեկությունը, սակայն ընդգծեց, որ Վերմիշյանին առաջադրված մեղադրանքները հերքվել են դատական քննության ընթացքում` վկաների ցուցմունքներով ու ԱԱԾ-ի գաղտնալսումներով։

«Վահագն Վերմիշյանին մեղսագրված արարքները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հերքվել են, այսինքն՝ անգամ այն վկաները, որոնք նախաքննության ընթացքում տվել են բնույթով մեղադրական ցուցմունքներ, դատաքննության ընթացքում փոփոխել են դրանք, եւ այս առումով մեզ համար ակնհայտ է, որ այս գործն այն գործերից է, որ բացառապես քաղաքական հետապնդում է, մոտիվներն էլ քաղաքական են, եւ այդ պահանջվող ազատազրկումն էլ քաղաքական նկատառումներ ունի։

Ես այս կարծիքին եմ, որովհետեւ երբ որեւէ անձի արարք է մեղսագրվում, դրանք պետք է դատաքննությունով հաստատվեն կամ հերքվեն, Վահագն Վերմիշյանի պարագայում դատաքննության ընթացքում մեղադրանքները հերքվել են։ Այն անձը, որին ԱԱԾ-ն տուժողի էր վերածել, եկավ դատարան ու հայտնեց, որ ոչ միայն իրեն ոչ մի վնաս չի պատճառվել, այլեւ իր խնդիրները լուծվել են։ Նույնկերպ նաեւ մյուս դրվագները՝ մեդալների հետ կապված խայտառակ դրվագը եւ այլն։ Երբ դատավարության ընթացքին հետեւում ենք, տեսնում ենք մի պարզ ճշմարտություն, որ Վահագն Վերմիշյանի դատավճիռը չի կայացնում դատավոր Մնացական Մարտիրոսյանը, կայացվում է այլ անձանց կողմից, իսկ Մարտիրոսյանն ընդամենը դա կյանքի է կոչում։ Հենց նմանատիպ գործերի հաշվին է, որ Մնացական Մարտիրոսյանն այսօր դատարանի նախագահ է կարգվել, հենց նմանատիպ խնդիրները իշխանության համար լուծելու համար նրան կարգեցին դատարանի նախագահ»,- պատասխանեց պաշտպանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում