Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այս իշխանության օրոք պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. Թադևոս Ավետիսյան

«Հերթական նախաձեռնությամբ ավելանում է մեր երկրի պետական պարտքը, այն էլ արտաքին պարտքի կոմպոնենտը, ավելանում է քիչ էլ չէ՝ 200 միլիոն դոլարով»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» և «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը։ 

Նա ընդգծեց, որ այս իշխանության օրոք Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. «2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավելի ավելացել է պետական պարտքը: Քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, սա վտանգավոր է, բայց կառավարելի է:

«Բայց չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել, օրինակներով դարձնել կատակի, մատների արանքով նայելու առարկա։ Չիի կարելի, որովհետև դա վերաբերվում է մեր ապագա սերնդի զարգացմանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

ԱԺ-ն  59 կողմ, 26 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ 

ԱԺ-ն 63 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը։