Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այս իշխանությունները դարձել են Ադրբեջանի գործիքը. ՀԴԿ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ.

«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերջին հարձակումները, Հայաստանի ներկայիս իշխանության դրսևորած հանցավոր կրավորականությունը և ստախոսությունը վերջնականապես ապացուցում են, որ Ն. Փաշինյանի գլխավորած կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը հլու-հնազանդ ենթարկվում են թուրք-ադրբեջանական սպառնալիքներին՝ ոտնահարելով հայության կենսական իրավունքներ:

Այս իշխանությունները դարձել են Ադրբեջանի գործիքը հայոց երկու պետականությունները կազմաքանդելու և համաթուրանական կամրջով Ադրբեջանն ու Թուրքիան միավորելու ճանապարհին: Արցախի ապառազմականացման և Ադրբեջանի հետ տխրահռչակ «խաղաղության» պայմանագրի կարգախոսներով փաշինյանական իշխանությունը դուրս է բերում հայ զինվորականներին Արցախից, ջլատում է Հայաստանի բանակը, խոստացված բանակային բարեփոխումների փոխարեն մեր ռազմական ուժերը անկառավարելի նահանջի  մեջ են,  փորձ է կատարվում պարտության ողջ բեռը բարդել բանակի վրա: Պարտվողական, բացարձակ անինքնուրույն արտաքին քաղաքականության հետևանքով հնարավոր են դառնում նոր տարածքային զիջումները Ադրբեջանին և՛ Արցախում, և՛ Հայաստանում:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքի  շուրջ ծավալվող զարգացումները վկայում են, որ փորձ է կատարվում վերջնականապես կտրել Արցախը Հայաստանից, Լաչինի միջանցքը վերածել ինչ-որ անհասկանալի ճանապարհի, որը չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, թողունակություն, հարակից հայկական բնակավայրեր, կայացած փաստ դարձնելով Արցախի լիակատար բռնազավթումը և Սյունիքի հանձնումը, հայության նոր ցեղասպանությունը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը սպառնալի մարտահրավերների հաղթահարման համար առաջարկում է պետականապաշտպան, հայրենատեր ազգային բոլոր ուժերի համախմբում՝ քաղաքական խորհրդի կարգավիճակով, որը կստանձնի ստվերային կառավարության գործառույթները՝ հետևյալ հրատապ խնդիրների իրագործման նպատակով:

Ա․ Ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ցեղասպանական գործողություններից՝ ճանաչել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը՝ լեգիտիմ, անկախ կարգավիճակը Ադրբեջանից, որով վերահաստատել  արցախահայության անվտանգության երաշխավորի ՀՀ դերը։

Բ. Հասնել գործուն քայլերի Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարներից, որպեսզի նրանց ներկայացուցիչները համատեղ մշտադիտարկման առաքելություն իրականացնեն Արցախի և Ադրբեջանի շփան գծի ողջ երկայնքով և իրենց  մանդատին համապատասխան՝ հսկեն պարտավորությունների իրագործումը՝ թույլ չտալով Ադրբեջանին իրականացնել նոր էթնիկ զտումներ և արցախահայության տեղահանում, հայկական բազմադարյա մշակութային ժառանգության ոչնչացում և յուրացում: 

Գ. Դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի և Հայաստանի սանձազերծած ագրեսիայի և ահաբեկչության փաստերը քննելու, որպեսզի կանխվեն ցեղասպանական գործողությունները, և պաշտպանվի իր հայրենիքում հայության անվտանգ ապրելու հիմնարար իրավունքը: 

Դ. Վերականգնել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական, դիվանագիտական կարողունակությունը, որը տարածաշրջանում կայունության և իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհն է, Ադրբեջանի ռազմական գերակայությունը պետք է հավասարակշռվի:

Ե. Ռուսաստանի հետ ծավալել խաղաղապահ ուժերի  մանդատի և արդյունավետ գործունեության վերաբերյալ շահագրգիռ բանակցություններ, որպեսզի կարողանանք ապահովել Արցախի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ-ը), Արցախի և Ադրբեջանի միջև հնարավոր պաշտպանիչ գոտու ստեղծումը՝ բացառելու ադրբեջանական ուժերի կողմից նոր տարածքների ու ռազմավարական բարձունքների գրավման բոլոր հնարավոր փորձերը»։