Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության մասին․ Արգիշտի Քյարամյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ուենցած պայթյունի քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ ահաբեկչության, սակայն այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց․ «Քրեական գործ է քննվում Քննչական կոմիտեում, արդյոք քննությունով որևէ արդյունք այս պահի դրությամբ ունենք։ Եվ արդյոք դիտարկել եք վարկածը ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորության, արդյոք ունենք այս հանգամանքը հիմնավորող կամ բացառող հանգամանքներ»։

Ի պատասխան Քյարամյանն ասաց․ «Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ նաև ձեր կողմից նշված վարկածները, սակայն այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին»։ Ըստ նրա՝ քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության մասին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քանի դեռ քրեական գործի քննությունն ավարտված չէ, վերջնական եզրակացություններ պետք չէ անել։ «Բայց դեպքի վայրից արված տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունն ըստ էության բացառվում է։ Ինչո՞ւ, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Նաև վիզուալ տեղեկատվությունը, որը մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը»,- նշեց Փաշինյանը։