Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այսօրվա ՀՀ իշխանությունների ընտրած բառամթերքը միջազգային հանրությանը տարակուսանքի մեջ է դնում. Էլինար Վարդանյան

«Եվրոպայի խորհրդարանը հունվարի 18-ին քննարկելու է  Լաչինի միջանցքի հարցը և ակնկալվում է բանաձև կամ հայտարարություն»,-«Լույս թունելի վերջում» խորագրով քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը և միամտություն համարեց մտածելը, թե դրանք ճանապարհը բացելու բանալին կլինեն՝ հավելելով, որ ակնկալիք չպետք է ունենալ նաև հունվարի 30-ին Հաագայում տեղի ունենալիք դատավարությունից:

ԱԺ պատգամավորը նկատեց, որ ճանապարհի փակելուց հետո առաջին անգամ գործընկեր պետությունները սկսեցին հասցեական արձագանքնել՝ կոչեր ուղղելով Ադրբեջանին,և հիշեցրեց, որ մինչ այդ հայտարարությունները երկու կողմերին էին վերաբերում:

Էլինար Վարդանյանը մեջբերեց Ֆրանսիայի հայտարարությունը, որով Բաքվին կոչ էր արվում առանց նախապայմանների վերականգնել երթևեկությունը Լաչինով, նույնը նաև արել են ԱՄՆ-ը, Եվրոպայի մարդու իրավունքի հանձնակատար Դոնյա Միատովիչը, ԵՄ-ն, «Ֆրիդմ հաուս»-ը, ԵԽԽՎ-ի համազեկուցողները և այլն:

Պատգամավորը շեշտեց, որ այդ հայտարարությունները ոչ թե ՀՀ կառավարության գործունեության արդյունք են, այլ սփյուռքի, մասնավորապես՝ ՀՅԴ-ի և «Հայ դատի» տեղի կառույցների և տեղեկացրեց, որ առաջիկայում էլ «Հայ դատի» գրասենյակի ջանքերով սպասվում է հայտարարություն Բրիտանիայից:

Նրա կարծիքով՝ այդ հայտարարությունները չեն կարող ճնշման գործիք լինել Ադրբեջանի վրա, քանի որ դրանք եղել են շրջափակման առաջին օրվանից, բայց Ադրբեջանը շարունակում է փակ պահել Բերձորի ճանապարհը:

«Միջազգային կառույցների հետ աշխատելու խնդիրան այն է, որ այսօրվա իշխանությունների ընտրած բառամթերքը միջազգային հանրությանը ևս տարակուսանքի մեջ է դնում»,-հայտարարեց պատգամավորը և տեղեկացրեց, որ երբ ընդդիմադիր պատգամովրները միջազգային հանդիպումներում փորձում են բարձրացնել Արցախի Ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, նրանց պատասխանում են, որ հայ պատգամավորներն առաջին հերթին պետք է Հայաստնում որոշեն, թե ինչ են ուզում, քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են ինքնորոշման իրավունքի մասին խոսել:

«Նրանք ասում են՝ ձեր իշխանություններն այլև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին չեն խոսում, նրանց այլևս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի հետաքրքրում»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և շեշտեց, որ այսօր արցախցու խոսքը համաշխարհային կառույցներին և հասարակությանը չի հասնում, իսկ ՀՀ իշխանություններն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն անում: