Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այց ոճրագործության վայր․ Երեւանում ՌԴ դեսպանը սպառնաց Հայաստանին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզ, եղել Ջերմուկում։ «Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ  այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը», ասվում է հաղորդագրության մեջ:

Վայոց ձորի մարզպետի հետ հանդիպմանը Կոպիրկինն ասել է, որ «չնայած նոր մարտահրավերներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին՝ հիշեցնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության դերի եւ նշանակության մասին»։

2022-ի սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Մոսկվայի առաջնորդությամբ Բաքվի ներխուժման նպատակը Հայաստանի հարավի օտարումն էր՝ Թուրքիայի հետ ՌԴ ցամաքային կապի հաստատման համար։ Ռուսաստանի առաջնորդության եւ ուղիղ մասնակցության վերաբերյալ բազմաթիվ փաստեր ու վկայություններ կան, որոնց մամուլն անդրադարձել է, նշենք գլխավորը՝ ՄԱԿ ԱԽ-ում համապատասխան բանաձեւի ընդունման տապալումը ՌԴ կողմից։ Ընդ որում՝ հետեւյալ պաշտոնական պատճառաբանությամբ՝ Բաքուն այդ բանաձեւով ճանաչվում էր ագրեսոր։ Մյուս, ոչ պակաս ցցուն օրինակն այն էր, որ Ալիեւը Պուտինին հրապարակավ շնորհակալություն էր հայտնել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այսինքն, իր հարձակումը կանգնեցնելու համար․ Ռուս-թուրքական քաղաքական ինցեստի իսկապես անկրկնելի ակտ։

Սեպտեմբերի ագրեսիան կանգնեցվեց Իրանի ու ԱՄՆ-ի կտրուկ դիրքորոշման շնորհիվ։ Այնուհետեւ Եվրամիությունն ուղարկեց դիտորդական առաքելություն, առաջիկայում պետք է տեղակայվի նոր, ավելի երկարաժամկետ եւ լայն լիազորություններով առաքելություն։ Մոսկվայի նյարդային ու սպառնալից հայտարարությունները եվրոպական առաքելության կապակցությամբ նույնպես վկայություն են, որ ՀՀ հարավի օտարումը ծրագրել ու աչքից հեռու փորձում է իրականացնել Մոսկվան։ Եվրոպացի դիտորդները կարող են խանգարել, եւ պատահական չէ, որ իր վերջին ելույթներում Լավրովը բացահայտ սպառնում է նրանց հարվածներով ու Բաքվին էլ հրահանգում սրել իրավիճակը սահմանին (մանրամասն այստեղ

Այս ֆոնին, դեսպան Կոպիրկինի «բարեմաղթանքները» հնչում են որպես սպառնալիքներ՝ Ռուսաստանը ձեռք չի քաշելու Հայաստանից, մինչեւ վերջ անելու է իր գործը։ Բազմադարյա բարեկամության մասին բարբաջանքը ռուսների համար թուրքերի հետ համատեղ Հայաստանի ու հայության՝ իր պատմական բնօրրանից ջնջելն է։