Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ազգակործան պատուհաս» գնահատականը դեռ ուժի մե՞ջ է, թե՞ չէ։ Եթե ուժի մեջ է, էլ ի՞նչ համախմբման կոչ է անում նրա շուրջ. Սաղաթելյան. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրայինի եթերում տված հարցազրույցից շատերը հասկացան, որ նա նախկին նախագահների հետ հանդիպել էր, որպեսզի պաշտպաներ իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին` ինչպեսեւ գրել էինք հանդիպման նախօրյակին։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, նախագահների հանդիպման գաղափարի հեղինակ Իշխան Սաղաթելյանի հետ։

Պարոն Սաղաթելյան, Լեւոն ՏերՊետրոսյանի տված հարցազրույցը նայե՞լ եք։

– Շատ բնական է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնում է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Նիկոլ Փաշինյանի՝ նոր կապիտուլյացիա ստորագրելու հարցում։ Ինչո՞ւ է բնական, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իր գաղափարակիցն է, իր «քաղաքական ժառանգն» է, որն, ըստ էության, իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վաղուց հնչեցրած տեսակետները, «Արցախը տանք, որ լավ ապրենք» թեզը՝ ավելի խայտառակ դրսեւորումներով։ Էս իմաստով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից այլ բան սպասելու չէր, ու բնական է, որ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել։ Բայց ես ասեմ Դաշնակցության անունից, որ մենք ոչ միայն պատրաստ չենք խրախուսել կամ համախմբվել, որ Նիկոլը երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, այլեւ ամեն ինչ անել՝ մեզ հասու բոլոր միջոցներով, որ կանխենք կապիտուլյացիան, հեռացնենք իրեն, որպեսզի հնարավորություն լինի՝ փոխելու երկրի ուղեգիծը եւ դուրս գալու ստեղծված իրավիճակից։

Ստացվում է՝ Լեւոն ՏերՊետրոսյանը փորձեց պաշտպանել Նիկոլ Փաշինյանին՝ հասկացնելով, որ Փաշինյանի հեռացման համար ինքը ջանք չի գործադրելու, քանի որ համարում է, որ սխալ է նրա հեռացումն այս պահին։

– Ըստ էության՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ոչ թե հայրենիքը փրկելու, այլ Նիկոլին փրկելու եւ արդարացնելու ծրագիր։ Ամենակարեւորն էս ամեն ինչի մեջ գիտե՞ք որն է, որ էն՝ «ազգակործան պատուհաս» գնահատականը դեռ ուժի մե՞ջ է, թե՞ չէ։ Եթե ուժի մեջ է, էլ ի՞նչ համախմբման կոչ է անում նրա շուրջ։ Այսինքն՝ դա նշանակում է համախմբում կապիտուլյացիայի շուրջ։ Էս իմաստով երբ որ գնահատում ենք, որ երկիրը սարսափելի ծանր վիճակում է, ու էդ գնահատականների հետ ես համաձայն եմ, առնվազն պետք է նաեւ տալ էդ գնահատականը, թե ով բերեց-հասցրեց էս վիճակին։ Երբ որ դա չի արվում, ազնիվ չէ մնացածն արդեն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: