Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ազգային ներուժի կուտակումը եւ սպառումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Որտեղ են նիհիլիզմի արմատները

2020 թվականի նոյեմբերի 10-ին զբոսայգում ինձ մոտեցավ մի տարեց կին, որն այդ այգում հավաքարար էր աշխատում, բողոքեց աշխարհի անարդարությունից, մեր ազգի ճակատագրից, իսկ վերջում ավելացրեց. «Երկիրը քանդեցին ու հետո ամեն ինչ քցեցին էդ խեղճուկրակի վրա»՝ նկատի ունենալով, բնականաբար, վարչապետ, պատերազմի ժամանակ Զինված ուժերի գերագույն հրամատար Նիկոլ Փաշինյանին: Վերջերս լսում էի Եռաբլուրում որդեկորույս հոր խոսքը, որն ասում էր. «Նիկոլը ահագին բաներից սկի տեղեկություն չունի, հո ամեն բանի հետեւից ինքը չի գնալու»:

Դուք կասեք, որ դա քարոզչության հետեւանք է, որ տարիներով մարդկանց ուղեղները լցնում են «երկիրը եւ բանակը թալանելու» բանաձեւերով, եւ դա իհարկե, այդպես է: Ավելին ասեմ՝ 2020 թվականից հետո իշխանության կողմից տարածվող թեզը, թե իբր մեր բանակի հզորության մասին պնդումները «բլեֆ» դուրս եկան, որքան հարմար են մեր իշխանության համար՝ պարտությունն արդարացնելու տեսանկյունից, այնքան էլ վնասակար են բանակի համար, որովհետեւ ինչ-որ չափով նպաստում են հետագա անհաջողություններին:
Բայց միայն քարոզչությամբ ամեն ինչ բացատրելը, կարծում եմ, սխալ կլինի: Հակառակ դեպքում 1998-2018 թվականների պաշտոնական «ուռա-հայրենասիրական» քարոզչությունը կհասներ իր նպատակին: Մինչդեռ այդ քարոզչությունը քաղաքացիների մեծամասնության մոտ դիմադրությունից, ցասումից, զզվանքից բացի, ուրիշ ոչինչ չէր առաջացնում: Քարոզչական սերմը, հետեւաբար, պետք է ընկնի պարարտ, բարեբեր հողի վրա: Իսկ երբ ընկնում է քարքարոտ գետնին, ճիշտ հակառակ արդյունքն է տալիս:

Եվս մի հիշողություն: 1996 թվականի ամառ, նախագահական ընտրարշավի եռուն շրջան: Ինչ-որ գործով մտա պոլիկլինիկա, եւ այնտեղ մի քանի բժիշկ (բարձրագույն կրթությամբ մարդիկ, ոչ հավաքարարներ) հավաքվեցին իմ շուրջ եւ, լավ իմանալով իմ քաղաքական հայացքները, բավականին բարձր, կրքոտ երանգներով տեղեկացրին ինձ, որ իրենք ոչ մի դեպքում «Լեւոնին ձայն չեն տա»: Նրանք հարցնում էին ինձ. «Ի՞նչ է արել Լեւոնն այս երկրի համար»: «Ինչպե՞ս թե՝ ինչ է արել, – զարմանում էի ես, – նրա իշխանության օրոք ազատագրվել է Ղարաբաղը, դա մեր ազգի փայլուն հաղթանակն էր»: Բժիշկների պատասխանը հատկանշական էր. «Իսկ մեր կյանքի հետ դա ի՞նչ կապ ունի»:

Գուցե «ուղղափառ լեւոնականներն» ինձ ասեն, որ դա մի խումբ բժիշկների կարծիք էր, իսկ ժողովուրդն այլ կերպ էր մտածում: Բայց, թե ինչպես է ժողովուրդը մտածում, կարելի է ստուգել նախեւառաջ քվեարկության միջոցով: 1996 թվականին, եթե ոչ մեծամասնությունը (այդ վեճի մեջ չմտնենք՝ դա այսօրվա թեման չէ), ապա զգալի մասը ձայն տվեց Վազգեն Մանուկյանին, որն այդ ժամանակվա գործող նախագահի հետ առանձնապես գաղափարական տարաձայնություններ չուներ. պարզ է, որ մարդիկ քվեարկեցին Տեր-Պետրոսյանի դեմ:

Ինձ համար պարզ է, որ խորքային խնդիրը ներկայիս վարչապետի անձի մեջ չէ՝ նա պարզապես ազգային նիհիլիզմի ծայրահեղ մարմնավորումն է, եւ դրա համար սիրված է մեծամասնության կողմից: Իսկ թե որտեղից է գալիս այդ նիհիլիզմը, դժվար է միանշանակ պատասխան տալ:

Ունեմ նախնական վարկած, որը գուցե հետագայում հերքվի: Մինչեւ 1988 թվականը մեր ազգը կուտակել էր որոշակի ներուժ, որն արտահայտվեց Ղարաբաղյան շարժման մեջ: Այդ ներուժը սպառվեց, պարպվեց 1992-94 թվականների պատերազմի ժամանակ: Դրանից հետո, նաեւ պետական, քաղաքական վերնախավի ազդեցության տակ, մարդիկ որոշեցին, որ իրենց կյանքի իմաստը «պարզապես լավ ապրելն է»:
Եթե իմ վարկածը ճիշտ է, ապա պարզ է, որ վաղ թե ուշ դարձյալ տեղի կունենա այդ ներուժի կուտակում: Միայն թե՝ ուշ չլինի: