Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բաքուն փորձում է հերքել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Արցախի հայերի անվտանգության և իրավունքների հարցը քննարկել միջազգային մեխանիզմով

ԱԺ արտահերթ նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ հարցին, որ Բաքուն փորձում է հերքել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Արցախի հայերի անվտանգության և իրավունքների հարցը քննարկել միջազգային մեխանիզմով։

«Ինձ երբեմն թվում է, թե կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Բանակցությունները, որոնք ընթացել են, սենյակում միայն հայկական կողմը չի եղել, ամերիկյան կողմն էլ է եղել։ Եվ կա դրա մասին արձանագրություն, ինչի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Եվ ես զարմանում եմ, որ հերքվում է փաստված բանը։ Բնականաբար, մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի ԼՂ և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ։ Եվ մենք մեր միջազգային գործընկերների կողմից վերջին շրջանում հետաքրքրություն ենք տեսել՝ այս ուղղությամբ շարունակելու աշխատանքները։ Հույս ունենանք, որ կկարողանանք  հասնել մեր նպատակներին»,- ասաց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը եկել է եզրահանգման, որ Արցախի ու «խաղաղության պայմանագրի» հարցերը պետք է տարանջատված մնան։ «Ինչո՞ւ, որովհետև երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն։ Բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա դժվարացնում է հայկական կողմին՝ խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալ։ Ընդհանրապես, Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձև չի օգնում այս հարցով առաջ ընթանալ։ Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է փիղը սենյակում, այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, որ այդ խնդիրը չկա։ Մենք կշարունակենք աշխատել և կտեսնենք, թե ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել։ Եվ Ադրբեջանի այդ մոտեցումն է, որը խոչընդոտներ է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար»,- ասաց նա։