Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բանակցությունների գործընթացը բացարձակապես չի նշանակում Թուրքիո նկատմամբ հայ ժողովրդի արդար պահանջներից հրաժարում. ՍԴՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՍԴՀԿ 22-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

Սեպտեմբեր 24‒27, քաղաքամայր Երևանում գումարվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 22-րդ Համագումարը, որ զուգադիպում էր Կուսակցության հիմնադրության 135-ամյակին: Աշխարհի 14 երկրները և Հայաստանի կուսակցական միավորները ներկայացնող ավելի քան 70 պատգամավորներ քննարկեցին հայ ժողովրդի առջև ներկայիս ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև Կուսակցության ներքին կյանքին առնչվող հարցերը:

Ժողովականները առաջին հերթին դատապարտեցին Ադրբեջանի նախահարձակ գործողությունները Հայաստանի սահմաններից ներս, միաժամանակ գոհունակություն հայտնելով հայոց բանակի ցուցաբերած դիմադրության՝ ի գին մեծ զոհողությունների:

Քննարկումների արդյունքում որդեգրվեցին տասնյակից ավելի բանաձևեր՝ հստակեցնելով Կուսակցության դիրքորոշումները հայ ժողովուրդը հուզող տարբեր հարցերի շուրջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ

Համագումարը արձանագրեց, որ ժողովրդավարության ամրապնդման գործընթացում Հայաստանը արդեն իսկ արձանագրել է լուրջ ձեռքբերումներ, արժանանալով միջազգային ընտանիքի բարձր գնահատականին ու նեցուկին: Համագումարը գտավ, որ ամեն գնով պետք է պայքարել, որ այդ գործընթացը հետընթաց չարձանագրի:

Համագումարը դրական գնահատեց նաև վերջին տարիներին տեղի ունեցած տնտեսական բարեփոխումները, մենաշնորհների վերացումը, փտածության դեմ պայքարը, նոր աշխատատեղերի ստեղծումը և կարիքավոր խավերին հատկացվող նպաստների բարձրացումը, որոնց հանրագումարը պիտի նպաստի արտագաղթի դանդաղեցման և ապագան Հայաստանի հողի վրա տեսնելու ձգտումներին:

Համագումարը կարևորեց նաև Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնեց նրանց դանդաղ ընթացքի վերաբերյալ:

Համագումարը իր խոր մտահոգությունը հայտնեց երկրի ներքին քաղաքական կյանքը լարված պահելու փորձերի կապակցությամբ և գտավ, որ Հայրենիքի դիմագրաված լրջագույն և ճակատագրական մարտահրավերները կարելի է հաղթահարել բացառապես միասնական ջանքերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համագումարը ողջունելի գտավ Հայաստանի իշխանությունների վարած բազմաբևեռ արտաքին քաղաքականությունը և կարևոր նկատեց այդ հարաբերությունների առավել ամրապնդումը այն բոլոր պետությունների հետ, որոնք կսատարեն Հայաստանի անկախության, կնպաստեն ժողովրդավարության ամրապնդման և պատրաստ են թիկունք կանգնելու Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության:

Համագումարը կոչ արեց դաշնակից պետություններին և կառույցներին հանձնառու լինել Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը ուղղված իրենց պարտավորություններին, որոնցից թերացումը հայ ժողովրդի մոտ իրավացիորեն առաջացնում է տարակուսանք և զայրույթ:

Համագումարը  վերահաստատեց այն համոզումը, որ Հայաստանի անկախության և հողային ամբողջականության պահպանման միակ երաշխավորը մնում է հայկական ուժեղ և արդիականացված բանակը՝ իր թիկունքին ունենալով միասնական հայ ժողովուրդը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը, Համագումարը վերահաստատեց այն համոզումը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքի հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից ներս:

Համագումարը կարևորեց նաև Արցախի Հանրապետության` բանակցային գործընթացի լիիրավ կողմ դառնալու անհրաժեշտությունը: Այս առիթով, Կուսակցությունը ողջունեց Արցախի պետական ղեկավարության և ազատատենչ ժողովրդի իր հողին կառչած մնալու որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագումարը կարևորեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ավելի գործնական դարձնելու և Սփյուռքի ներուժը ավելի արդյունավետ կերպով օգտագործելու անհրաժեշտությունը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կենսական ոլորտները ղեկավարող գերատեսչություններից ներս սփյուռքահայ մասնագետների ներգրավումով: Այդ առնչությամբ, առաջնահերթ է Սահմանադրության 148-րդ հոդվածի վերանայումը՝ վերացնելու համար անհարկի խոչընդոտները:

Համագումարը քննարկեց նաև Սփյուռքի ընդհանուր իրավիճակը և իր մտահոգությունը հայտնեց Միջին Արեւելքի հայ գաղութներում տիրող տնտեսական և ապահովական ճգնաժամերի վերաբերյալ ու գտավ, որ անհրաժեշտ է ամեն գնով կանգուն պահել այդ գաղութները և կանխել դրանց դատարկումը: Իսկ, հակառակ դեպքում, արտագաղթել ցանկացողներին ուղղորդել դեպի Հայաստան: Այդ առումով, Համագումարը մի անգամ ևս կարևորեց համազգային ջանքերով դեպի հայրենիք ներգաղթի համապարփակ ծրագիր մշակելու անհրաժեշտությունը, որի գլխավոր նպատակը պետք է լինի ներգաղթող հայ ընտանիքների համար բավարար պայմանների ստեղծումը, որպեսզի նրանք մշտապես հաստատվեն հայրենի հողի վրա:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22-րդ Համագումարը քննարկելուց հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիո միջև ընթացող բանակցային գործընթացը և անհրաժեշտ նկատեց երկու հարեւան ու ինքնիշխան պետությունների միջև բնականոն և կանխատեսելի հարաբերությունների գոյացումը այն պայմանով, որ բանակցությունները տեղի ունենան առանց նախապայմանների, և որպես բարի կամքի դրսևորում՝ Թուրքիա առաջին հերթին բացի իր իսկ կողմից փակած սահմանը:

Համագումարը շեշտեց, որ բանակցությունների գործընթացը բացարձակապես չի նշանակում Թուրքիո նկատմամբ հայ ժողովրդի արդար պահանջներից հրաժարում  և այս հարցը բանակցային սակարկության առարկա չի կարող դառնալ:

Ս.Դ.Հ.Կ. Կենտրոնական Վարչություն