Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բարեփոխումների փոխարեն տեղի ունեցան «հակաբարեփոխումներ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչո՞ւ 2018 թվականի հեղափոխությունը չբերեց ցանկալի արդյունքներ

Հայկական քաղաքական ավանդույթի անբաժանելի մասն է անցյալը հերքելով ինքնահաստատվելը: Ներկայիս իշխանությունները, քանի որ որեւէ ոլորտում, մեղմ ասած, հաջողության չեն հասել, փորձում են վարկաբեկել անցած երեսուն տարին՝ հայտարարելով, մասնավորապես, որ 1991 թվականին պետք էր առաջնորդվել «խաղաղության օրակարգով», պատերազմի մեջ չմտնել Ադրբեջանի հետ, եւ այդ դեպքում 2020 թվականին Հայաստանը պարտություն չէր կրի: Այլասերված եւ չափից դուրս «յուրահատուկ» տրամաբանությունը հետեւյալն է. մեզնից առաջ ամեն ինչ վատ էր, եւ այդ պատճառով՝ մեր ժամանակ էլ առանձնապես ոչ մի լավ բան մի սպասեք: Քանի որ այդ տրամաբանությամբ առաջնորդվում է մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացի, դա, ինչպես ասում են, ներկայիս գաղջ մթնոլորտի հիմքն է:

Բայց ընդդիմությունն էլ ոչ մի դրական բան չի ուզում տեսնել 2018 թվականի հեղափոխության մեջ, ինչը նույնպես սխալ է, քանի որ մերժում է պատմական օրինաչափությունները: Չորս տարի առաջ պարզ էր, որ նախորդ իշխանությունը ոչ մի ցանկություն եւ ոչ մի հնարավորություն չուներ կյանքը բարեփոխելու, իսկ նույն ձեւով շարունակելն այլեւս անհնարին էր: Այսպիսով՝ փողոց դուրս եկած եւ հեղափոխությունը պաշտպանած քաղաքացիների դրդապատճառները միանգամայն հասկանալի են:

Սակայն այսօր կարեւոր է հասկանալ, թե ինչո՞ւ հեղափոխությունը չտվեց ցանկալի արդյունքները: Իշխանությունն, իհարկե, ասում է, որ խանգարում են նախկինները: Բայց վերջիններս, թեեւ այո, երազում են կրկին վերադառնալ իրենց հարմարավետ աթոռներին, բայց իրականում ոչ մի գործընթացի չեն կարող օգնել կամ խանգարել: Նախկինների գնացքը գնացել է: Նրանց միակ գործառույթն է իրենց հակավարկանիշով նպաստել իշխանությունների վարկանիշին:

Այսպիսով, պետք է այլ տեղ փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչու չի հաջողվել բարեփոխումներ իրականացնել: Եվ խնդիրն այստեղ միայն ներկա իշխանության ակնհայտ ապաշնորհությունը չէ: Հարցը խորը վերլուծության կարիք ունի: Բայց առաջին տպավորությունն այն է, որ իշխանությունը նախ առանձնապես ցանկություն չուներ որեւէ բան բարեփոխելու, եւ երկրորդ՝ պատկերացում չուներ, թե ինչն է պետք բարեփոխել:

Հիշո՞ւմ եք՝ անմիջապես 2018-ից հետո հայտարարվեց տնտեսական հեղափոխության մասին: Դրա տակ հիմնականում հասկացվում էր ՀԴՄ կտրոնը հաճախորդին տալը: Չմերժելով դրա կարեւորությունը՝ կարող ենք արձանագրել, որ դա իրական տնտեսական հեղափոխության հիմք չի կարող դառնալ: Բայց թույլ տամ ինձ կասկած հայտնել, որ բարեփոխումներն ընդհանրապես չպիտի սկսվեն տնտեսությունից: Տնտեսությունը եւ տեխնոլոգիաները կարող են շատ արագ փոխվել: Բայց դա հաճախ ոչ մի օգուտ չի բերում պետությանն ու հասարակությանը: Կարծում եմ՝ բարեփոխումները պետք է սկսել ավելի ծանր եւ «դանդաղաշարժ» ոլորտներից: Դրանք են՝ ա/դատական իշխանությունը բ/ կրթությունը գ/ իշխանության կազմակերպումը դ/ բանակը: Թերեւս՝ վերջին ոլորտն ամենակարեւորն է Հայաստանի համար:

Եվ ահա այդ բնագավառներում տեղի է ունեցել այն, ինչ կարելի է անվանել «հակաբարեփոխումներ»: Օրինակ՝ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգով դատարանների շրջափակումը շատ հստակ ուղերձ էր «ամեն ինչ պետք է մնա նույնը՝ առաջ դուք ծառայում էիք նախկիններին, հիմա պետք է ծառայեք ինձ»:

Եթե ինչ-որ բան ուզում ես բարեփոխել, դա պետք է գնահատել, կարեւորել, ոչ թե վարկաբեկել: Իսկ հետհեղափոխական իշխանության քարոզչությունն ուղղված էր բանակի դեմ, որտեղ, անշուշտ, կար կոռուպցիա, բայց որի հիմնական առանցքը կազմված էր նվիրյալներից: Էլ չեմ խոսում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալելու մասին, քայլ, որին դժվարանում եմ տալ որեւէ կոռեկտ գնահատական:

Դառնանք կրթությանը: Հեղափոխությունից հետո ոլորտի ղեկավարի առաջին իսկ քայլն էր «Արարատյան բակալավրիատի» վրա ագրեսիվ հարձակումը: Արդյունքում՝ այդ մեղադրանքները սին դուրս եկան, փոխարենը տապալեցին կրթական ոլորտի համար բավականին բարենպաստ մի ծրագիր: Բացի այդ՝ մշակեցին մի «հրաշալի» ծրագիր՝ փակել գործող բուհերը, վաճառել շենքերը, եւ դրանց փոխարեն կառուցել 5-8 բուհի նոր շենք: Այդ ծրագրի ամենամեծ առավելությունն այն է, որ այն, բարեբախտաբար, չի իրագործվի: Ենթադրում եմ, որ իշխանությունը դրա մասին շատ լավ գիտի:

Իսկ թե ինչ արվեց իշխանության կազմակերպման ոլորտում՝ առանձին հոդվածի թեմա է:

Արամ Աբրահամյան