Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բառերը, որոնք հնչում էին ադրբեջանական ղեկավարության շուրթերից, հիմա հնչում են հայկական ղեկավարության շուրթերից, ինչը շատ վտանգավոր է. Տարոն Սիմոնյան. «Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Միջազգային իրավունքի եւ իրավակարգի մասին խոսելիս՝ նախեւառաջ պետք է հասկանանք, որ դա քարացած երեւույթ չէ, եւ, ինչպես իրավունքի որեւէ համակարգ, այն նույնպես կենդանի օրգանիզմ է, որ գրեթե միշտ կերպարանափոխվում ու տրանսֆորմացվում է։ Ու կանխված հանգամանքից, թե էական ինչ փոփոխություններ են տեղի ունենում դրա մտածողության մեջ, այդկերպ տարբերում ենք միջազգային իրավակարգերը, որոնք մարդկության պատմության մեջ երբեմն-երբեմն փոխվում են։ «Ազգ»ի հետ զրույցում խոսելով միջազգային իրավունքից ու դրա կարգավորումներից՝ նման տեսակետ է հայտնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը։

Նրա համոզմամբ՝ այսօր, ըստ էության, մենք միջազգային իրավակարգի այնպիսի շրջանակներում ենք գտնվում, որ 2-րդ աշխարհամարտից հետո է հաստատվել, բայց տեսնում ենք նաեւ այն, ինչ սրանից 70 տարի առաջ գրվել է, ոչ ամբողջությամբ է արտահայտում այն միջազգային հարաբերությունները, որոնք մեր շուրջն են տեղի ունենում։

Իրավաբանն ընդգծում է, որ միջազգային իրավունքի մեջ ուժի կիրառման օրինաչափ միայն երկու տարբերակ կա, որոնցից մեկը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսվող ինքնապաշտպանությանը, մյուսը՝ միջազգային անվտանգության կամ խաղաղության խաթարմանն է վերաբերում։ Վերջինի դեպքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ուժ կիրառելու որոշում կարող է կայացնել։ Եվ այս լեզվամտածողությունը, հավելում է Սիմոնյանը, 1946-ից ի վեր գործում է, ու երբ նորից վերադառնում ենք 1920-ականների մտածողությանը, կարծես մտովի նաեւ այդ ժամանակ գոյություն ունեցող իրավակարգն ենք վերականգնում։

«Խաղաղության համաձայնագիր կնքելով՝ ենթագիտակցաբար, կամ, գուցե, գիտակցաբար համարում ենք, որ միջազգային իրավունքում ուժի կիրառումն օրինաչափ է։ Դա նշանակում է, որ ասում ենք՝ հոգ չէ, թե Ադրբեջանն ուժ է կիրառել Հայաստանի նկատմամբ, հիմա եկեք խաղաղության համաձայնագիր կնքենք, որոշենք՝ սրանից հետո ի՞նչ ենք անում։ Մինչդեռ այդպես չի կարող լինել. ուժի կիրառումն ինքնին հանցագործություն է, ու միջազգային իրավունքը տալիս է դրա գնահատականը։ Այն է՝ ուժ կիրառած յուրաքանչյուր պետություն ղեկավար կամ ղեկավար անձ ենթակա է քրեական պատասխանատվության, ու այդպիսի որոշումներ կայացվել են թե՛ միջազգային քրեական շրջանակներում (հիմնականում աֆրիկյան պետությունների վերաբերյալ գործերով), թե՛ նախկին Հարավսլավիայի, թե՛ Ռուանդայի տրիբունալի շրջանակներում եւ այլն։ Այսինքն՝ նախեւառաջ պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք գնալ գործող միջազգային իրավունքի տրամաբանությամբ, թե՞ համարում ենք, որ այն այլեւս կենսունակ չէ, ու մի նոր բան ենք ստեղծում։ Բայց այդ ստեղծվող նորը չպետք է 1910-20-ականների միջազգային նորմերը կրկնի, որովհետեւ դա պարզագույն հետընթաց կլինի, երբ ով ուզում, ինչ ուզում անում էր։ Այն ժամանակ ուժի գործադրումը բնական բան էր համարվում, ու ով ուժեղ էր, ինքն էլ իրավացի էր։ Սա բավական վտանգավոր գիծ է, ու անչափ զգուշավոր պետք է լինենք, որովհետեւ այսօր, կարծես թե, ինքներս ենք այդ գիծը բռնել։ Չնայած՝ այս բառապաշարի ստեղծողն ու առաջ քաշողը ոչ թե մենք, այլ Ադրբեջանն է, բայց ինքներս էլ կուլ ենք տվել ադրբեջանական թեզը։ Այն բառերը, որոնք հնչում էին ադրբեջանական ղեկավարության շուրթերից, հիմա հնչում են հայկական ղեկավարության շուրթերից, որը շատ վտանգավոր է։ Այն, ինչ հայտարարում էր Ադրբեջանն՝ ասելով, որ Հայաստանը պետք է ընդունի ԽՍՀՄ վարչական սահմանները՝ որպես մեր պետության սահմաններ, հիմա կարծես թե ինքներս ենք այդ թեզը բռնել ու առաջ տանում, այնինչ՝ ժամանակին մերժում էինք դա՝ աելով, որ այդ սզկբունքը կիրառական չէ»,- մանրամասնում է մեր զրուցակիցը։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: