Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բաց դռների օր՝ համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայում

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվանն ընդառաջ այսօր՝ փետրվարի 3-ին, ԵՊԲՀ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում բաց դռների օր էր: Օնկոլոգիայի կլինիկայի բժիշկները անվճար խորհրդատվություններ են տրամադրել քաղաքացիներին:

Համալսարանից հայտնում են՝ օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժիշկ-ուռուցքաբան, քիմիաթերապևտ, ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Հարությունյանը նշում է, որ նման նախաձեռնությունները հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն:

«Սա ևս մեկ առիթ է խոսելու և տեղեկացնելու մարդկանց քաղցկեղի մասին, կոտրելու կարծրատիպեր, որպեսզի մարդիկ չվախենան ժամանակին դիմել բժշկի, հետազոտվել: Պետք չէ վախենալ հետազոտության արդյունքում խնդրի ի հայտ գալուց: Քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը մեծացնում է բարեհաջող բուժման հնարավորությունները, թե ֆիզիկապես, թե ֆինանսապես ավելի հեշտ և թեթեւ է լինում պացիենտների համար»,-ասում  է բժիշկը:

Խորհրդատվություններին գրանցվել էին ինչպես նախնական ախտորոշմամբ հիվանդները, այնպես էլ կլինիկայում բուժում ստացողները:

Յուրաքանչյուր բուժառուի հետ մասնագետները քննարկել են առողջական վիճակը, արդեն իսկ իրականացված բուժումը և հաջորդ քայլերի անհրաժեշտությունը:

Կլինիկայի բժիշկները և հոգեբանը պացիենտներին և նրանց հարազատներին օնկոհիվանդների համար աջակցության բրոշուրներ էին պատրաստել: