Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Բնականոն կյանքը կանգ է առել». Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտել է Արցախի շրջափակումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հունվարի 30-ին ընդունել է նոր հայտարարություն՝ դատապարտելով Արցախի շրջափակումը: Սա աշխարհի խոշորագույն կազմակերպությունն է, որ միավորում է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող մոտ 500 գիտնականի: Կազմակերպությունը հոկտեմբերին ընդունել էր նաև հայտարարություն՝ դատապարտելով Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ադրբեջանական հարձակումը.

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդներ. Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ադրբեջանական շրջափակումը դատապարտող հայտարարություն

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) շրջափակումը և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ շարունակվող ագրեսիան ու նախազգուշացնում հայ բնակչության դեմ ցեղասպանության վտանգի մասին: Մենք վերահաստատում ենք Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» հայտարարությունը և կոչ ենք անում անհապաղ վերացնել շրջափակումը։

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կառավարությունը շրջափակեց Արցախի (Լեռնային Ղարաբաղ) անկլավը՝ ստեղծելով շարունակական հումանիտար ճգնաժամ նրա 120,000 հայ բնակչի, այդ թվում՝ 30,000 երեխաների և 20,000 տարեցների համար։

Ադրբեջանի ներկայացուցիչները, այսպես կոչված «էկոակտիվիստներով» դիմակավորված, փակել են Հայաստանի Հանրապետությունից Արցախ տանող միակ ցամաքային ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ դրանով իսկ խոչընդոտելով սննդի, դեղորայքի, գազի և այլ կենսական նշանակության ապրանքների փոխանցումը տարածաշրջան։ Սնունդն ու գազն այժմ բաշխվում են չափաբաժիններով, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդհատումներով է իրականացվում։ Դպրոցները փակ են, ընտանիքները՝ բաժանված, հիվանդանոցային հիվանդները՝ վտանգված, իսկ բնականոն կյանքը կանգ է առել:

Ադրբեջանի գործողություններն Արցախի բնակիչների մարդու իրավունքների բացահայտ խախտում են.

Շրջափակումը և Արցախի կարևոր ենթակառուցվածքների վրա կանխամտածված հարձակումները «Կենսամակարդակի բավարար իրավունքի» 11.1 հոդվածի և «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի «Առողջապահության իրավունքի» 12-րդ հոդվածի խախտում են.

• Շրջափակման ընթացքում Ադրբեջանը միտումնավոր չորս անգամ դադարեցրել է գազամատակարարումը՝ դեկտեմբերի 13-ին (3 օրով), հունվարի 17-ին (1 օրով), հունվարի 18-ին (3 օրով) և հունվարի 21-ին։ Գազի մատակարարումը միտումնավոր դադարեցվել է 20 օրով 2022 թվականի մարտին։
• 2023 թվականի հունվարի 9-ին Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Աղավնո-Բերձոր հատվածում վնասվել է Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիա մատակարարող միակ բարձրավոլտ գիծը։ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել վերանորոգման աշխատանքներ կատարել վնասված հատվածում, ինչը հովհարային հոսանքազրկումների պատճառ է դարձել։
• 2023 թվականի հունվարի 12-ին ադրբեջանցիները միտումնավոր կտրել են Հայաստանից Արցախին ինտերնետ կապ մատակարարող միակ օպտիկամանրաթելային մալուխը Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի այն հատվածում, որը ադրբեջանցիների շրջափակման ներքո է:

Շրջափակումը նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում է, որը երաշխավորում էր Լաչինի միջանցքով անխափան մուտքը: Ադրբեջանի կառավարությունը, որին աջակցում է իր դաշնակից Թուրքիան, երկար ժամանակ պաշտոնական մակարդակով խրախուսում է հայերի նկատմամբ ատելությունը, հայերի դեմ գործած վայրագությունների համար անպատժելիությունը և բազմիցս սպառնացել է մաքրել տարածաշրջանը բնիկ հայ բնակչությունից:

Ցեղասպանության վտանգը վերացնելու համար Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդակցական խորհուրդներն Ադրբեջանին կոչ են անում՝

• դադարեցնել իր ուղղորդումն ու աջակցությունն այսպես կոչված «էկոակտիվիստներին», որոնք արգելափակում են երկու ուղղություններով Լաչինի միջանցքի ազատ երթևեկությունը,
• ապահովել բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով,
• դադարեցնել գազի, էլեկտրականության և ինտերնետի ընդհատումները դեպի Արցախ:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդները վերահաստատել են ավելի վաղ` 2022 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Հարավային Կովկասի բնիկ հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի մասին» և կոչ արել.

• միջազգային հանրությանը, ակադեմիական և մշակութային կազմակերպություններին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ բռնություններն ու ատելության խոսքը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ստիպելու Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի Հանրապետության և Արցախի բնիկ հայերին ուղղված թշնամանքը և ատելության խոսքը,
• Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ժամանակավոր միջոցների մասին որոշումը,
• Ադրբեջանին հեռացնել իր զինվորներին Հայաստանի Հանրապետության տարածքից և հարգել արցախահայության ինքնորոշման իրավունքը, որը երաշխավորված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ (Գլուխ I, հոդված 2):
• պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակարգին ագրեսիայի (խաղաղության դեմ հանցագործություններ), ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի (շրջափակումներ և էմբարգոներ, որոնք սովի պատճառ են դառնում) խախտումների համար, որոնք իրականացվել են Հայաստանի և հայերի նկատմամբ 2020 թ. սեպտեմբերից սկսած: