Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բոբ Մենենդեսը հավանություն է տվել F-35-երի մատակարարմանը Հունաստանին

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հավանություն է տվել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների էսկադրիլիա գնելու Հունաստանի խնդրանքին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Ես ուրախ եմ, որ երկու օր առաջ հավանություն տվեցի Հունաստանի Հանրապետությանը F-35-ի (խմբ.՝ վաճառքին), և ես դա չարեցի այն պատճառով, որ պարզապես հույն ժողովրդի երկրպագուն եմ:

Ես դա արեցի, քանի որ դա մի երկիր է, որը կիսում է մեր արժեքները, որը համաձայն է մեզ հետ այն հարցում, թե ինչն է կարևոր աշխարհում՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, դա երկիր Է, որը ռազմատենչորեն տրամադրված չԷ իր հարևանների նկատմամբ, այլ՝ հակառակը»,- Վաշինգտոնում Դելֆյան տնտեսական համաժողովում ​​ասել է Մենենդեսը՝ ներկա գտնվողների ծափահարությունների ներքո:

«Երբ երկիրը կիսում է մեր արժեքները և կա ռազմավարական շահ, ես առանց որևէ խնդրի կստորագրեմ որպես արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, որի իրավասության մեջ մտնում Է զենքի վաճառքը: Բայց երբ երկիրը հակառակն է ցույց տալիս, ապա՝ այո՛, ինձ մոտ խնդիրներ են առաջանում», – ասել է Մենենդեսը։ Հունաստանը 2022 թ. հունիսի վերջին պաշտոնական խնդրագիր Է ուղարկել ԱՄՆ-ին հինգերորդ սերնդի F-35 կործանիչների էսկադրիլիա գնելու վերաբերյալ։

Աթենքը մտադիր է ձեռք բերել 20 F-35 ինքնաթիռ, իսկ հետագայում՝ ևս 20-ը: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլայոս Պանայոտոպուլոսը հունվարի 27-ին խորհրդարանական նիստի ժամանակ ասել էր, որ F-35-ի հարցով խնդրագրին ԱՄՆ-ի պատասխանն սպասվում է երկու-երեք ամսից։ Միաժամանակ Հունաստանը փորձում է խոչընդոտել Թուրքիային F-16 Block 70 կործանիչների վաճառքը, ինչը դարձել է պատճառներից մեկը, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել Է շփվել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Թուրքիան պլանավորում է ԱՄՆ-ից գնել 40 F-16 կործանիչ և արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ևս 80-ը: