Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան չզիջեց դիրքերը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի արտահերթ համաժողովը, որտեղ պատվիրակները պետք է կողմնորոշվեին՝ կազմակերպե՞լ նախագահի նոր ընտրություն, թե՞ ոչ:

Նման հարց առաջանալու երկու պատճառ է շրջանառվում: Առաջինը, որ դեռ մայիս ամսին IBA-ն Ստամբուլում միակ թեկնածուի կարգավիճակով կազմակերպության ղեկավար ընտրել էր ռուսաստանցի Ումար Կրեմլյովին: Այն ժամանակ նրա մրցակցի՝ Վան դեր Վորստի լիազորությունները կասեցվել էին քարոզարշավի կանոնները խախտելու համար: Սակայն Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) ավելի ուշ արդարացրել էր նրան, ինչից հետո IBA-ի տնօրենների խորհուրդը որոշել էր եւս մեկ արտահերթ համագումար հրավիրել նոր ընտրություն կազմակերպելու շուրջ որոշում կայացնելու նպատակով:

Ըստ շրջանառվող երկրորդ տարբերակի, քաղաքական միջամտության փորձ է  արվում: ՄՕԿ-ը, «սպառնալով» 2028 թվականին բռնցքամարտը դուրս թողնել օլիմպիական ընտանիքից, ցանկանում է փոխել IBA ռուսաստանցի նախագահին:

Համաժողովում մասնակից երկրների ներկայացուցիչների կարծիքները հակադիր էին: Մի մասը գտնում էր, որ պետք է նոր ընտրություն կազմակերպել բռնցքամարտի օլիմպիական ապագան ապահովելու համար, մյուս մասը, որն անհամեմատ շատ էր, վստահ էր, որ իրենք կատարել են նախագահի ճիշտ ընտրություն, որ Կրեմլյովը շատ կարճ ժամանակում արդեն ապացուցել է իր նվիրվածությունը մարզաձեւի համաչափ զարգացմանն ամբողջ աշխարհում:

Ի վերջո, քվեարկությանը մասնակցած 146 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներից 106-ը կողմ արտահայտվեց, որպեսզի Ումար Կրեմլյովը պաշտոնավարի եւս չորս տարի, 36 ֆեդերացիա դեմ արտահայտվեց նրան, 4-ը մնաց ձեռնպահ:

Ումար Կրեմլյովը շնորհակալություն հայտնեց գործընկերներին իրեն կրկին վստահելու համար, վերահաստատեց իր նվիրվածությունը բռնցքամարտին՝ խոստանալով, որ համախոհների հետ միասնական ջանքերով կանի այնպես, որպեսզի բռնցքամարտի հեղինակությունը բարձրանա այնքան, որ բռնցքամարտիկները ավելի շատ երազեն աշխարհի առաջնություններին մասնակցելու եւ հաղթելու մասին, քան օլիմպիական խաղերի:

Ումար Կրեմլյովը նաեւ խորհուրդ է տեսնում, որ այս որոշումը կայացվեց իր համար արդեն պատմական դարձած Հայաստանում, որի հետ ինքը հարազատացել է դեռեւս Երեւանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության օրերին: Նա առանձնահատուկ  շնորհակալություն հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարությանը մարզաձեւում ներդրվող ջանքերի ու ջերմ ընդունելության համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ