Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Չէի շտապի հաստատ ասել, որ մեր օդը Վրաստանի կողմից այնպիսի փակ վիճակում է եղել, որ որևէ զինտեխնիկա չի հասել». Ջոնի Մելիքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Վրաստանի հասցեին մեղադրանքներն առանձնապես հիմնավորված չեն, քանի որ մենք չունենք հստակ հայտարարություն ՀՀ իշխանությունների կողմից: Երևի թե Վրաստանից դժգոհության ցուցիչը պետք է լիներ հայկական ռազմական կամ քաղաքական ղեկավարության կողմից Վրաստանին ուղղված նոտան կամ հայտարարությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանի հասցեին հնչող մեղադրանքներին:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, իր ասուլիսում հայտարարել էր. «Երբ Վրաստանը փակեց օդային տարածքը, դա լուրջ ազդեցություն ունեցավ նաև պատերազմի արդյունքների վրա: Հիմա, երբ Վրաստանի վարչապետի հետ գրկվում են, այդ հարցը չե՞ն տալիս, թե պատճառն ինչն էր, որովհետև հստակ գիտենք, որ Թուրքիան շարունակում էր մատակարարել զենք և զինամթերք Ադրբեջանին հենց այդ ժամանակահատվածում»:

Ջոնի Մելիքյան

Ըստ վրացագետի՝ եթե ՀՀ իշխանությունների կողմից Վրաստանին ուղղված նոտա կամ դժգոհություն չի եղել, ուրեմն դա տալիս է հիմք ենթադրելու, որ միանշանակ չեն այն պնդումները, թե Վրաստանը խոչընդոտել է, խանգարել է մեր՝ առնվազն պատշաճ պաշտպանությունը ապահովելուն:

Նա նշեց, որ այո, 44-օրյա պատերազմի երրորդ օրը Վրաստանը հայտարարեց, որ օդն ու ցամաքը ռազմական բեռների համար փակում է ու շարունակեց. «Դա Վրաստանն արեց երկու երկրների համար: Այսպես կոչված իրենց մոտեցումն էր դա հումանիտար հարցով, որ կողմերին սահմանափակում էին, որ վերադառնան բանակցային սեղանի շուրջ: Կարևոր է հասկանալ, որ առնվազն մեր հարևան Ադրբեջանը Silk Way ավիաընկերության միջոցով բեռնատար օդանավներով իր գործը շարունակել է անել: Ուրիշ հարց է, որ որևէ մեկը վստահորեն ասել չի կարող, թե Հայաստանը ստացե՞լ է նույն կերպ տարբեր քաղաքացիական բեռնափոխադրող օդանավերով որևէ ռազմատեխնիկա, թե՞ ոչ: Ուստի միանշանակ ասել, որ փակվել է օդը, որևէ կերպ ոչ մի բան չենք ստացել, չէի ցանկանա դա անել, քանի որ սահմանափակ թվով մարդիկ գիտեն՝ ինչ է իրականում տեղի ունեցել: Նույնն ասվում է իրանական կողմից, որ թույլ չեն տալիս, որ ռազմատեխնիկան տեղափոխվի: Բայց պատերազմի ընթացքում այդքան օր դիմադրելը երևի ցույց է տալիս, որ որոշ լոգիստիկ հարցեր լուծված եղել են»:

Մեր փաստմանը՝ Վրաստանը շատ լավ գիտեր, որ Ադրբեջանը Թուրքիայի կողմից այդ նույն ժամանակահատվածում, երբ ինքը փակել է օդային սահմանը, զինվում է, Ջոնի Մելիքյանն այսպես արձագանքեց. «Պարզաբանումներ եղել են, եղել է նաև Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալի պարզաբանումը, որտեղ ասվում է, որ որևէ ձևով բոլոր այս սահմանափակումները չեն վերաբերվում հումանիտար բեռներին: Եթե Վրաստանի իշխանությունները հայտարարում էին, որ ինչ-ինչ ինքնաթիռ տեղափոխում է հումանիտար բեռ, իրենք ներքևից ստուգելու հնարավորություն չունեին, մեզ այս ամենը երևի ուղերձ էր, որ հասկացողները հասկանային, որ եթե ինչ-որ մեկն օգտագործում է այդ ճանապարհը, մյուսն էլ կարող էր, ինչու ոչ, երկու կողմն էլ ուրեմն օգտվել են այդ հնարավորությունից: Հաստատ վստահ լինելով, որ մեր օդը այնպիսի փակ վիճակում է եղել, որ որևէ զինտեխնիկա չի հասել, ես չէի շտապի այդպիսի բան ասել: Չեմ էլ կարող վստահեցնել, որ նման բան եղել է: Ուղղակի ենթադրվում էր՝ քանի որ Ադրբեջանը կարողանում էր հումանիտար բեռների անվան տակ որոշ ռազմատեխնիկա ստանալ Վրաստանի օդային տարածքով, իմ կարծիքով՝ նաև ՀՀ-ն էլ նման հնարավորություն ուներ, քանի որ Վրաստանն ի վերջո ստուգելու հնարավորություն չուներ նույն Ռուսաստանից, թե քաղաքացիական օդանավներով ինչ բեռներ են տեղափոխվում»:

Հարցին՝ իսկ ա՞յս շրջանում Վրաստանի դերակատարությունն ինչպես կգնահատեք և արդյոք հասցեակա՞ն քաղաքականություն է վարվում Վրաստանի հետ, Ջոնի Մելիքյանը պատասխանեց. «44-օրյա պատերազմի ժամանակ իրենք իրենց քաղաքականությունը կոչել էին ակտիվ չեզոքություն, երբ այդ սահմանափակումները կիրառեցին: Այդ չեզոքությունը փորձում են այսօր պահել: Տեղեկատվական դաշտում չէի ասի, որ չեզոքությունն այդպիսին է ներկայացվում, նույնիսկ պետական ալիքներով պարբերաբար շեղված տեղեկատվություն է տրվում: Անգամ Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին, հեռուստալրագրողն օգտագործեց ԼՂ արտահայտությունը: Այսինքն՝ այդքան խորը չեն մտնում հարցերի մեջ: Այդ ամենը ցույց է տալիս, որ իրենց մոտ հասարակության շրջանում մի կողմից արդեն կողմնակալ մոտեցում կա, քանի որ իրենք ունեն իրենց տարածքային ամբողջականության խնդիրը՝ կորցնելով այս փուլում Աբխազիան և Հարավային Օսիան, չեն կարողանում պրոհայկական լինել և չսատարել Ադրբեջանին, որը իրենց կարծիքով՝ վերադարձրել է կամ վերադարձնում է Արցախը: Իսկ Վրաստանի իշխանությունները փորձում են ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել, պարբերաբար տեսնում ենք՝ այս ագրեսիայից հետո Ադրբեջանի գլխավոր շտաբի պետն այցելում է Վրաստան, պայմանավորվում զորավարժությունների մասին: Վրաստանն ունի իր պետական քաղաքականությունը և շահերը, որոնցից չի բխում վատ հարաբերություններ ունենալը Ադրբեջանի հետ: Նույնիսկ կարելի է ասել՝ ինչ-որ չափով մտահոգություն ունի Ադրբեջանի աճող դերի հետ կապված, բայց դա բացասաբար չի ազդում Վրաստան-Ադրբեջան կամ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափի վրա: Մյուս կողմից երևում է, որ կա նաև շահագրգռվածություն ՀՀ-ի հետ հարաբերություններն ավելի լավացնել: ՀՀ-ի հետ ակտիվ է քաղաքական երկխոսությունը, փորձ ունեն երկու երկրները տարբեր ծրագրեր իրականացնելու, առևտրատնտեսական ակտիվություն կա»:

Հետաքրքրվեցինք՝ մի՞թե Հայաստանին, որը եղբայրական երկիր է, Ադրբեջանի հետ նույն հարթության վրա դնելը ճիշտ է և երկու երկրների հարաբերություններում էլ իրենց ասելով՝ ակտիվ չեզոքություն պահելն ընդունելի է, Ջոնի Մելիքյանն ի պատասխան ասաց. «Բայց Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, ունեն լուրջ առևտրատնտեսական հարաբերություններ, ունի լուրջ կախվածություն Ադրբեջանից: Եթե մենք մշակութային, կրոնական տեսանկյունից ենք նայում, ՀՀ-ն ու Վրաստանն ավելի մոտ են, հազարամյակներ արդեն ինչ-որ կերպ մեխանիզմ ունեն համակեցության, իսկ Ադրբեջանի պարագայում այլ մեխանիզմներ են գործում: Եթե դու ունես տարբեր մակարդակի հարաբերություններ քո հարևանների հետ, պարզ է, որ լինելով ակտիվ չեզոք, այս ամենը տարբեր ձևերով է դրսևորվում: Սև-սպիտակ չէ իրավիճակը, տարբեր գործընթացներ կան հենց Վրաստանում: Վրաստանն այս պարագայում զգուշանում է երկու հարևաններից, որոնցից կախվածություն կա՝ մյուս կողմից փորձելով հարաբերություններն էլ ավելի չբարդացնելով ՌԴ-ի, Արևմուտքի հետ»:

Ըստ Ջոնի Մելիքյանի՝ միայն հայտարարությունները բավարար չեն. կոնկրետ գործողություններ են պետք: Նա պարզաբանեց. «Հայաստանի պարագայում Իրանը կարմիր գծերից է խոսում, Ֆրանսիան, ԱՄՆ-ն դատապարտում են Ադրբեջանին, բայց կիրառական քայլեր չեն արվում, որ իրավիճակը փոխվի, ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարություններն ավելի խոցելի են այսօրվա աշխարհում, քան ավտորիտար ռեժիմները, որոնք ունեն մեծ ռեսուրսներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ