Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չեմ կարծում, որ ՇՄԱԳ օրենքում երջանկություն կարող ենք փնտրել. ՇՄ նախարարի տեղակալ

«Շատ դժվար է մեկ օրենքի շրջանակներում համակարգել, բոլոր շահերը և ստեղծել այնպիսի կոնսենսուսային փաստաթուղթ, որը բոլորին բավարարի իր հոդվածներով և կոնցեպտով»,-«Արմենպրես» մամուլի ակումբում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ ներկայացնելով շրջանառության մեջ դրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նա տեղեկացրեց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքն առաջին անգամ ընդունվել է 1995 թվականին և փորձի պակասն իրեն զգացնել է տվել, ինչի հետևանքով այն պարբերաբար լրամշակվել է:

«Շատ բարդ գործընթաց է համակարգել և կազմել այնպիսի օրինագիծ, որով բոլորը երջանիկ կլինեն, սակայն չեմ կարծում, որ ՇՄԱԳ օրենքում երջանկություն կարող ենք փնտրել»,-հայտարարեց փոխնախարարը:

Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ օրենքի նախագծում ՇՄ նախարարությունը տվել է «Շրջակա միջավայր» հասկացությունը, որում ներառվել է մարդու առողջության դրույթը:

«Մենք ընդլայնել ենք այն ոլորտները, որոնք պետք է անցնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության գործընթաց: Գործող օրենքով մեկ ՄգՎտ հզորությունը գերազանցող ՀԷԿ-ն է անցնում փորձաքննություն, նոր փոփոխությամբ բոլոր տիպի ՀԷԿ-երի կառուցման համար անհրաժեշտ է լինելու համապատասխան փորձաքննություն: Սա շատ կարևոր է, որովհետև այսօր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով ունենք բավական վատ իրավիճակ գետերի հետ կապված»,-հայտնեց փոխնախարարները:

Նա նաև հայտնեց, որ փորձաքննություն անցնող գործունեության ձևերը ընդլամվել է՝ համապատասխանացնելով Օրհուսի կոնվենցիայի բոլոր դրույթներին:

Շրջակա միջավայրի նախարարության Իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը նշեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի փոփոխություններով որոշակի խստացումներ կան  նախատեսված: Նրա խոսքով՝ գործող օրենքը պատասխանատվություն է նախատեսում առանց փորձաքննության դրական եզրակացության գործունեություն ծավալելու համար, իսկ նոր փոփոխություններով պատասխանատվության չափը խստացվել է:

«Գործող օրենսգրքում տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկ է սահմանված, այս նոր նախագծով մինչև 5000-ապատիկ, և առանց փորձաքննության դրական եզրակացության պարագայում գործունեություն սահմանելու դեպքում Բնապահպանության և ընդրեքի տեսչական մարմինը կարող է կասեցնել տնտեսվարողների գործունեությունը»,-հավելեց նա:

Բանախոսները հայտնեցին, որ գործող օրենքում բացակայում է պատասխանատվությունը փորձաքննության պահանջների և պայմանների չկատարման համար: Նոր նախագծով նաև դրա համար է սահմանվել պատասխանատվություն, իսկ եթե տնտեսվարողը ցանկանում է գործունեությունն ընդլայնել կամ վերապրոֆիլավորել ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է նորից ներկայացնել փորձաքննության, ապա պարտավոր է դա կատարել, հակառակ դեպքում օրենքով պատասխանատվություն է նախատեսված:

Խոսելով փորձաքննության գործընթացների պարզեցումներին՝ Գայանե Գաբրիելյանը հայտնեց, որ բիզնեսը կամ պատասխանատու կառույցն իր նախագծի շուրջ կարող է հանրային լսումներ կատարել երկու անգամ, գործող օրենքով նախատեսված 4-ի փոխարեն, ինչի համար Հայասռանի բնապահպանական հանրությունը քննադատել է ՇՄ-Նախարարությանը:

Նա ասաց, որ եթե երկուսից ավելի հանրային լսումների անհրաժեշտություն կա, ապա օրենքը չի արգելում, դա կարող է արվել: Պարզապես հանրային լսումների նվազագույն պահանջը սահմանվել է 2:

Փոխնախարարը հայտնեց, որ օրենքի նախագծի համար կազմակերպվել է 5 հանրային լսում և վստահեցրեց, որ գործադիրի կառույցների և ՀԿ-ների առաջարկների 70%-ից ավելն ընդունվել է նախագծի հեղինակների համար: