Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից. Արցախի պետնախարարի հանդիպումները Մարտունու երեք համայնքներում

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և հունվարի 27-ին հանդիպումներ ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի և Մուշկապատ համայնքներում: Պետնախարարին ուղեկցել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, Ազգային ժողովի ‹‹Ազատ Հայրենիք – ՔՄԴ›› խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը:

Հանդիպումների ընթացքում պետնախարարը խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակի, դրա ազդեցության մասին, ներկայացրել է Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապաշրջափական ուղղությամբ տարբեր ոլորտներում ու ասպարեզներում իրականացվող քայլերը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպումների մասնակից մարտունեցիների հարցերն առավելապես վերաբերել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, երկրի անվտանգությանն ու ապագային: Պատասխանելով հարցերին՝ Ռուբեն Վարդանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր համար հստակ է, որ այս իրավիճակում հնարավոր բոլոր միջոցներով ու գործիքներով պետք է շարունակել պայքարել. «Պայքար չի նշանակում պատերազմ։ Պայքարել նշանակում է, որ մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը։ Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»։

«Նա հիշեցրել է, որ միջազգային կարևոր դերակատարները ևս հայտարարել են, որ Արցախի հարցը փակված չէ: Պատասխանելով օգնության ակնկալիքների մասին հարցին՝ պետնախարարն ասել է, որ պետք չէ որևէ մեկի վրա հույս դնել և ձեռքերը ծալած նստել. «Առաջինը մե՛նք մեր գործը պետք է անենք, հետո նոր օգնություն ակնկալենք: Եթե ոչինչ չես անում, միայն հույս ես դնում ուրիշի վրա, ոչինչ չի ստացվի, բայց եթե պայքարում ես ու գործ ես անում, բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվում»:

Հանդիպումների մասնակից մարտունեցիները նշել են, որ պաշտպանում են այդ տեսակետը և ոչ մի իրավիճակում չեն պատրաստվում հեռանալ հայրենիքից ու լքել իրենց տունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպմանը խոսվել է նաև մի շարք այլ հարցերի մասին: Պետնախարարը նշել է, որ այս իրավիճակում շատ կարևոր է պահպանել բնակչության հետ հետադարձ կապը, ուստի Օպերատիվ շտաբի մյուս անդամները, Ազգային ժողովի պատգամավորները նույնպես հանդիպումներ են ունենում համայնքներում: