Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չինաստանում բողոքի ցույցերի ալիք է սկսել

Հինգ օր շարունակ Չինաստանում, ըստ պաշտոնական տվյալների, աճում է COVID-19-ով վարակվածների թիվը, հայտնում է Reuters գործակալությանը: Շաբաթ և կիրակի օրերին կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բազմամարդ ցույցեր են կազմակերպվել: Շանհայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: BBC-ն հայտնել է, որ իրավապահները ձերբակալել են ցույցերը լուսաբանող  լրագրողներից մեկին և բաց են թողել ժամեր անց:

Այլ քաղաքներում, այդ թվում՝ Ուհանում և Լանչժոուում, ցուցարարները հարձակվել են COVID-ի թեստավորման կենտրոնների վրա: Բացի այդ, Չինաստանի տարբեր համալսարաններում ուսանողներն ակցիաներ են անցկացրել՝ իրենց զայրույթն արտահայտելով անցյալ շաբաթվա վերջին արևմտյան Ուրումչի քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով, որի հետևանքով 10 մարդ էր մահացել: Քաղաքի որոշ հատվածներ 100 օր շարունակ լոքդաունում էին գտնվում, ինչն, ըստ ցուցարարների, բարդացրել է փրկարարների աշխատանքը, իսկ բնակիչները հնարավորություն չեն ունեցել փախչելու շենքից:

Պեկինում ևս ցուցարարները կիրակի կեսգիշերից հետո խաղաղ ցույց են անցկացրել:

Չինաստանում գործում է COVID-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը: Այնտեղ խիստ միջոցներ են կիրառվում՝ չնայած աշխարհի երկրների մեծ մասը չեղարկել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: Նշենք, որ շատ փորձագետներ չինական վիճակագրության եւ իշխանությունների վարած ներքին սահմանափակումների միջեւ ուղիղ կապ են տեսնում, ավելի պարզ ասած՝ կովիդի վիճակագրությամբ իշխանությունը փորձում է ներքին սահմանափակումներ մտցնել տնտեսական, քաղաքական եւ այլ բարդությունների ֆոնին։