Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Չնայած Հայաստանը, Վրաստանը տուժում են Ռուսաստանի քաղաքականությունից, նրանք չծաղրեցին, չհիշեցին վիրավորանքները, փրկեցին փախչող ռուսներին, մենք պետք է հիշենք սա»․ ինչ են գրում ռուսական ցանցերում

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում զորահավաքի հայտարարումից հետո հարյուր հազարավոր ռուսաստանցիներ փախչում են երկրից Ուկրաինայում «մսաղաց» չուղարկվելու համար։ Միևնույն ժամանակ, Եվրամիության երկրները փակել են իրենց սահմանները ռուս փախստականների համար, բացառությամբ Ֆինլանդիայի։ Այս պայմաններում ռուսների հոսքն ուղղվել է Վրաստան, Ղազախստան, Հայաստան, Ուզբեկստան, Մոնղոլիա, Թուրքիա։

Այս օրերին սոցցանցերի ռուսալեզու օգտատերերը զարմանքով արձանագրում են, որ փախչող ռուսների համար դռները չեն փակվում այդ երկրներում։ Օրինակ, հասարակական-քաղաքական գործիչ Մաքսիմ Կացը, որը Յութուբում 1․5 միլիոն հետևորդ ունի, թողարկում է նվիրել այդ թեմային։ Նրա խոսքով, մինչ Եվրոպան իր դռները փակել է պատերազմից փախչող ռուսաստանցիների համար, Վրաստանը, Ղազախստանը, Հայաստանը, որոնք տուժել և տուժում են Ռուսաստանի քաղաքականությունից, իրենց դռները չեն փակել այդ մարդկանց համար։

«Թվում էր, թե փախստականների համար օգնություն կստանաս եվրոպական երկրներից, բայց ստանում ես Ղազախստանից, Վրաստանից, Մոնղոլիայից և Հայաստանից։ Մենք պետք է հիշենք սա։ Մենք պետք է հիշենք, որ երբ ռուսները հայտնվեցին աղետի մեջ, երբ պետական մեքենան որոշեց սպանել նրանց, այդ երկրները բաց պահեցին սահմանները, չհիշեցին հին վիրավորանքները, չծաղրեցին», նշում է Կացը՝ ավելացնելով, որ ռուսները սերունդներով պետք է հիշեն սա և շնորհակալություն հայտնեց նշված երկրներին։

Ֆեյսբուքում օգտատեր Անդրեյ Նիկուլինը գրում է․ «Կուզեի շնորհակալություն հայտնել Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և այլ երկրների քաղաքացիներին, որոնք համաձայնվել են ընդունել իմ փախչող հայրենակիցներին։ Համաձայնվել են՝ չնայած հիշում են այն «բարիքը», արտահայտությունները և ուղիղ գործողությունները, որոնցով Մոսկվան վերջին տարիներին ցույց է տվել իր կայսերական վերամբարձությունն ու գերազանցությունը»։

Թվիթերում ևս բազմաթիվ հրապարակումներ կան այս թեմայով։

– Ռուսներն ամբողջ կյանքում՝ վարձով բնակարան ենք տալիս միայն սլավոնական արտաքինով մարդկանց։ 2022 թվական՝ Ղազախստան, Վրաստան, Հայաստան, Ղրղըզստան՝ օգնեք։

– Զորահավաքից փախչող ռուսաստանցիներին ընդունողներ՝ շնորհակալություն։ Վրաստան, Մոնղոլիա, Հայաստան, Ղազախստան, Ֆինլանդիա։ Մեծ շնորհակալություն ձեզ կյանքեր փրկելու համար։

– Ինչպես են Ղազախստանը, Վրաստանը, Հայաստանը փրկում երկիրս։ Չնայած պարտավոր չեն։

– Շնորհակալություն ձեզ Վրաստան, Ղազախստան, Հայաստան, Ուզբեկստան և այլ երկրներ, որոնք թողնում են ռուսներին։ Հուսով եմ՝ նոր եկողները քաղաքավարի կլինեն և ըստ արժանվույն կգնահատեն հյուրընկալությունը։