Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չնայած պարծենալուն՝ ՔՊ-ն չի ավելացնի Արցախին տրամադրվող օգնությունը

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արցախի Հանրապետությանը տրամադրել աջակցություն 144 մլրդ դրամի չափով: Նկատենք՝ այս իշխանությունների կողմից Արցախին օգնելու թեման մշտապես է ներկայացվել եւ հաճախ մանիպուլատիվ փաստեր պարունակելով:

Օրինակ 2022 թվականի հուիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունից Արցախին տրվող օգնությանը եւ հենց այդ ժամանակ էլ արեց մի շարք մանիպուլյատիվ պնդումներ։ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի բյուջեն երբեք ավելի մեծ չի եղել, քան այժմ է, և դա՝ շնորհիվ Հայաստանի կառավարության աջակցության։ Ըստ Փաշինյանի, 2021 թ․ Հայաստանի կառավարության բյուջետային աջակցությունը Արցախին աննախադեպ է իր մեծությամբ:

Փաշինյանը հավելեց նաև, որ 2021 թվականին Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը և որ 2021-ին Հայաստանի կառավարության աջակցությունն ավելին է եղել, քան 2019 թվականին՝ Արցախի ամբողջ բյուջեն:

Նախ ընդգծենք, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից Արցախին տրամադրվող աջակցությունը, ըստ էության, ոչ թե աջակցություն է, այլ բյուջետային վարկ, պարզապես շատ ցածր (0.01%) տոկոսադրույքով։ Վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը երբեք այսքան մեծ աջակցություն չի ցուցաբերել Արցախին, բացարձակ իմաստով, ճիշտ է։ Սակայն տրամադրվող աջակցության ծավալների մեծացումը 2020-ի պատերազմից հետո նպատակ ունի մեղմել Արցախում պատերազմից հետո սկսված ծանր սոցիալական պայմանները, այլ կերպ ասած՝ պատերազմի հետևանքները։ 2018 թվականին Հայաստանից Արցախին տրամադրվող աջակցությունը կազմում էր 51,4 մլրդ, 2019-ին՝ 57,8 մլրդ, 2020 թվականին՝ 64,9 մլրդ։

2021 թվականին Արցախի բյուջեով նախատեսված՝ Հայաստանից ստացվելիք բյուջետային վարկը կազմում էր 64,7 մլրդ։ Այսինքն՝ ավելի քիչ, քան դրան նախորդող տարում էր։ Իսկ վարչապետի հնչեցրած թվերը ներառում են ինչպես բյուջետային վարկերը, այնպես էլ տարբեր սոցիալական խնդիրներին ուղղված գումարները (կոմունալ վարձավճարների, կեցության, աշխատավարձերի վճարման և այլնի տեսքով)։

Հետաքրքիր են նաեւ ոչ միայն բացարձակ թվերը, այլեւ Արցախի բյուջեի և Հայաստանի աջակցության հարաբերակցության մասին Փաշինյանի համեմատությունը։ «2021 թվականին Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը եւ 2021 թ․ Հայաստանի կառավարության աջակցությունն ավելին է եղել, քան 2019 թվականի Արցախի ամբողջ բյուջեն»։

Իսկ մինչ պատերազմն Արցախի բյուջեի մոտ կեսն էր տրամադրվում Հայաստանի կողմից։ Եվ ինչպես նշեցինք, նախորդ տարի հատկացված գումարների մի մասը ոչ թե բյուջետային վարկի շրջանակներում են տրվել, այլ տարբեր սոցիալական ծրագրերի միջոցով։ Սա եւս ապացուցում է, որ պատերազմից հետո Հայաստանից տրամադրվող գումարների նման աճը կապված է բացառապես պատերազմի հետևանքների վերացման հետ։

Հաջորդ տարվա համար դեռ միայն 144 մլրդ դրամի աջակցության մասին է խոսք գնում, որի մասին հիշատակված է հենց բյուջեի նախագծում:

Նաիրա Հովհաննիսյան