Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դասակի հրամանատարի ժպիտն ու հետապնդումները՝ հրդեհից հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Փաստաբան Արսեն Բաբայանը վստահեցնում է, որ զորանոցի հրդեհի ողբերգության օրը դասակի հրամանատարի «ժպիտը» սարքած է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված թիվ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետ կապված բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, որոնք հակադրվում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած պաշտոնական վարկածին:

Հիշեցնենք, որ ըստ այդ վարկածի, կապիտան Եղիշե Հակոբյանը ավտոբենզինով փորձել էր վառել վառարանը ու բռնկումից հետո 5 լիտրանոց բենզինի տարան խուճապահար նետել էր սենյակում: Այս վարկածին առաջինը թերահավատորեն մոտեցավ դասակի հրամանատարը, որին հայտնի հարցազրույցից հետո հեռացրել են աշխատանքից ու մեդիա հարթակներում բողոքի ալիք է սկսվել նրա դեմ, քննադատություններ են հնչում, թե՝ «դու դասակի հրամանատար ես, ինչո՞ւ զինվորի կողքին չես եղել, մատաղ ես արել տղաներին», կամ քննադատում են զինվորական հագուկապը, որ խախտել է համազգեստ կրելու կանոնները եւ այլն:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում նրա փաստաբան Արսեն Բաբայանն ասաց, որ իշխանություններն են հանրության ականջներին նման տեղեկատվությամբ «լապշա» կախում. «Հարցազրույցից հետո երեւի թե բոլորի համար էլ ակնհայտ էր, որ նրա նկատմամբ պիտի հետապնդումներ սկսեին եւ ամենավատը մեր երկրում հենց դա է, որ երբ որեւէ  անձ որեւէ քաղաքական անձի հասցեին քննադատական հայտարարություն է անում, ապա բոլորի մոտ ողջամտորեն «լամպչկեն» վառվում է, որ ահա այս անձի նկատմամբ կսկսվեն տարօրինակ հետապնդումներ: Եվ հենց այդ մտավախությամբ էր նաեւ պայմանավորված, որ իր ընկերները, մտերիմները անմիջապես կանխատեսելով՝ սկսեցին որոշակի միջոցներ ձեռնարկել ու դիմեցին փաստաբանի՝ հնարավոր ճնշումներից խուսափելու համար: Ես, իհարկե, ստանձնեցի այդ պատասխանատվությունը եւ բոլորիս մտավախություններն իրականացան. անմիջապես իր հարցազրույցից հետո սկսեց իշխանական լրատվամիջոցների քարոզչամեքենայի հարձակումներն այդ անձի նկատմամբ: Նախ, շատ վատ հնարք են կիրառում, փորձում են դասակի հրամանատարին շփոթեցնելու աստիճան նմանեցնել, նույնացնել մյուս սպայի հետ, որը վառարանը բենզինով փորձել էր վառել՝ ըստ պաշտոնական վարկածի: Պետք է ասեմ, որ դասակի հրամանատարը, որն այդ հարցազրույցը տվել էր, նա ընդհանրապես չի էլ եղել դեպքի վայրում, գիշերն այնտեղ չի եղել: Երբ կտեսնեք իշխանական քարոզչամեքենայի կողմից նույնացումներ, թե այս մարդը բենզինը լցրել էր, դրանով է պայմանավորված, որ իր նկատմամբ մեղադրանքներ են հնչեցվում, կարեւոր է, որ հանրությունն իմանա՝ այդ մարդիկ նույնը չեն: Հարցազրույց տվող դասակի հրամանատարը որեւէ առնչություն չունի բենզինով վառարան վառել փորձող անձի հետ: Դասակի հրամանատարի նկատմամբ հետապնդումները բնականաբար օրինական չեն: Այս իշխանության ձեռագրի համաձայն, սկզբում փորձում են քարոզչամեքենայով հետապնդում անել, հող նախապատրաստել՝ հետագա իրենց ցանկությունները բավարարելու համար»:

Արսեն Բաբայանն անդրադարձավ այն տեսանյութերին, որտեղ ողբերգական դեպքից հետո տարածվում էին դասակի հրամանատարի ժպտացող դեմքի կադրերը, որոնք բարկացրել էին հանրությանը. «Նույնիսկ իշխանության քարոզչամեքենան այնքան լկտիացավ, որ այնտեղ մի հուզական կադր կա, երբ այդ տղան պտտվում է, իսկապես դժվարությամբ է զսպում իր ծայրահեղ հուզական վիճակը, ընդ որում, եթե տեսնեք այդ տղային եւ մի անգամ փորձի ժպտալ, կհասկանաք, որ ընդհանրապես իր ժպիտը եւ այդ կադրում եղած իբր ժպիտը կամ ծիծաղը ոչ մի առնչություն չունեն իրար հետ, որովհետեւ այդ տղան այդպես չի ծիծաղում: Նրա դեմքին նայես, եթե ծիծաղի կամ ժպտա, կտեսնես, որ այնտեղ լրիվ ուրիշ հուզական տրամադրություն է: Դրան զուգահեռ պտտվում էին տեղեկություններ մամուլում, որ նույն Նիկոլ Փաշինյանն է ինչ-որ միջոցառումների մասնակցում, տարածվեց տեսանյութ, որտեղ Ալեն Սիմոնյանն է քեֆ-ուրախությունների մեջ, այսինքն, այս իշխանության կեղտոտ գործելաոճն է»:

Թե ինչ վարկած ուներ դասակի հրամանատարը, որն ասում էր՝ «ես իմ վարկածն ունեմ», հայտնի չէ, չի ուզում խոսել: Հարցին՝ հնարավո՞ր է հենց այդ վարկածը չհայտնելու համար փորձում են լռեցնել դասակի հրամանատարին՝ Արսեն Բաբայանը պատասխանեց, որ հիմա իրավունք չունեն խոսելու՝ հաշվի առնելով գործի քննության գաղտնիությունը:

Սոցցանցերում փորձ եղավ դասակի հրամանատարին կապել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Այս առնչությամբ  Արսեն Բաբայանն ասաց. «Էլի նույն քարոզչական հնարքների շարքից է: Դասակի հրամանատարի կապը բացառապես իմ անձնական կապն է եւ իմ՝ որպես փաստաբանի ցանկությունն է նրան որեւէ կերպ օգնելու կամ պաշտպանելու: Պարոն Վանեցյանը որեւէ առնչություն չունի թե՛ դասակի հրամանատարի հետ, թե՛ այս ամբողջ պատմության հետ: Նույնիսկ հաճախ, որպես հայ մարդ, որը հետաքրքրված է դեպքով, ես եմ որոշակի առումով նրան տեղեկություններ տալիս, թե ընդհանրապես ինչ է տեղի ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ