Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դատարանի այս որոշումը վրդովմունք է առաջացնում Արցախում աննախադեպ հումանիտար աղետի ֆոնին. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Եկատերինբուրգի հայկական համայնքի ղեկավար Մասիս Նազարյանը ձերբակալվել է հինգ օրով՝ հունվարի 23-ին այդ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ ակցիա կազմակերպելու համար, որի մասնակիցները փորձել են ուշադրություն հրավիրել Արցախի բնակչության խնդիրների վրա: Արդյունքում Մասիս Նազարյանը մեղավոր է ճանաչվել չհամաձայնեցված հանրահավաք կազմակերպելու մեջ (ՌԴ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մաս): Նույն հոդվածով հինգ օրով կալանավորվել է ակտիվիստ Էլեն Կիրակոսյանը։

Եկատերինբուրգի Լենինյան շրջանային դատարանի գրապահոցում նշված է, որ չորեքշաբթի վարչական իրավախախտման մասին գործն ուղարկվել է դատարան: Գործը քննվում է ժողով, հանրահավաք, ցույց, երթ կամ պիկետ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանված կարգը խախտելու հոդվածով։

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը, կապված հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես է եկել հայտարարությամբ:

«Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդն իր բողոքն է հայտնում՝ կապված Եկատերինբուրգում իրենց եկեղեցու մոտ երիտասարդ ծխականների ոչ մեծ խաղաղ եւ մարդասիրական ակցիայի մասնակիցների դեմ Եկատերինբուրգի դատարանի ակնհայտ քաղաքական որոշման հետ:

Ակնհայտ են Ադրբեջանում տոտալիտար ռեժիմի քաղաքացիական իրավունքների հետապնդման պրակտիկան եւ Ռուսաստանում այս ռեժիմի գործակալներին հաճոյանալու ցուցադրական որոշումների ընդունումը։ Ուրալի դաշնային շրջանի մարդու իրավունքների հանձնակատարի ուշադրությունն ենք հրավիրում կատարվածի վրա։

Դատարանի այս որոշումը վրդովմունք է առաջացնում Արցախում (Լեռնային Ղարաբաղում) աննախադեպ հումանիտար աղետի ֆոնին, որը, ի վերջո, կարող է հանգեցնել ոչ միայն սովի, այլեւ տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտումների եւ ցեղասպանության։ Կարծում ենք, որ դատարանի որոշումն աջակցություն է արցախահայության նկատմամբ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը, ինչպես նաեւ բուն շրջափակմանը։ Ընդ որում՝ շրջափակման այս անուղղակի աջակցությունը կատարվում է հենց Լենինգրադի ֆաշիստական ​​շրջափակման վերացումը տոնելու օրերին։

Ռուսական իշխանությունների ուշադրությանն ենք ներկայացնում, որ ադրբեջանական քարոզչության պատճառով ռուսական լրատվամիջոցները չեն լուսաբանում Արցախում տեղի ունեցող ողբերգությունը, որտեղ այս պահին կա 120.000 մարդ, որից 30.000 երեխա սովից եւ ցրտից սովամահ է լինում։

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը միանում է Ռուսաստանի տարբեր քաղաքների տասնյակ հազարավոր հայերի ձայնին եւ, մասնավորապես, Ռուսաստանի հայերի միության կոչին: Դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախի շարունակվող ցեղասպանական շրջափակումը դատապարտելու եւ շրջափակման դեմ պայքարը համակրելու փոխարեն ձերբակալվում են ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից դատապարտված այս հակամարդկային հանցագործության դեմ հանդես եկողները։

Ձերբակալության մասին այս որոշումը, որն ունի պարտավորեցնող ներգրավվածության կանխանշաններ, հրահրում է ապակայունացում եւ առավել վատթարացնում Ռուսաստանի գլոբալ վարկանիշն աշխարհում։

Կոչ ենք անում չեղարկել դատարանի հապճեպ եւ քաղաքականացված որոշումը, ազատ արձակել ձերբակալվածներին եւ դադարեցնել ռուսական լրատվամիջոցներում Արցախի շարունակվող շրջափակումը լռեցնելու ցինիկ քաղաքականությունը՝ մեր ժամանակի մութ ուժերին հաճոյանալու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Ճիշտ ժամանակն է, որ ադրբեջանական նավթադոլարներից կուրացած ռուսներն արժանի պատասխանատվության ենթարկվեն, եթե ՌԴ իշխանություններին իսկապես մտահոգում են հայաստանյան հանրության մեջ խորացող տրամադրությունները: Չէ՞ որ այդ տրամադրությունները հենց նրանք են խորացնում իրենց «դոլարապաշտ» անգրագիտությամբ:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: