Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դատարանի որոշմամբ արգելվել է 12 հարկանի շենքի կառուցումը ուրիշի սեփականության հաշվին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Շինարարություն իրականացնողը ընկերության «հնարավոր վնասների» հատուցման համար հայցվորից պահանջել էր հակընդդեմ ապահովում 988,749,720 ՀՀ դրամի չափով

Հայցվորն էլ «Գաթա բենդ» խմբի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանն է, որի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ պատասխանող «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին: Հայցադիմումը եւ դրան կից ներկայացված փաստաթղթերը դատավոր Արշակ Պետրոսյանի վարույթ էր ընդունվել 2022թ. հունիսի 17-ին: Դատարանի որոշմամբ բավարարվել է Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին, եւ որպես հայցի ապահովման միջոց՝ սպառողական կոոպերատիվին եւ այլ անձանց արգելվել է իրականացնել կառուցապատման եւ շինարարական աշխատանքներ Երեւանի Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5/9 հասցեում եւ Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5/4 հասցեում գտնվող հողամասերի վրա՝ մինչեւ թիվ ԵԴ/23833/02/22 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Հուլիսի 22-ին մուտքագրվել է նշյալ սպառողական կոոպերատիվի անունից ներկայացված միջնորդությունը` հակընդդեմ ապահովում պահանջելու մասին:

Սպառողական կոոպերատիվի ներկայացուցչի միջնորդությունը քննության առնելու համար դատարանի (դատավոր՝ Հովհաննես Ղազարյան) հուլիսի 27-ի որոշմամբ հրավիրվել է դատական նիստ:

Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը ( լուսանկարում) «Առավոտին» ասաց, որ դատարանին խնդրել էր պարտավորեցնել սպառողական կոոպերատիվին վերացնել Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքի խախտումները, այն է՝ քանդել Երեւանի Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, թիվ 5/9 հասցեում կառուցված կիսակառույց շենքը եւ շինությունները, վերադարձնել Անդրանիկ Մանուկյանի 10,69 քառակուսի մետր մակերեսով սեփականությունը՝ հողամասը կոոպերատիվի ապօրինի տիրապետումից եւ այն բերել նախկին տեսքի՝ համաձայն «Էքսպերտ Ըդվայս» ՍՊ ընկերության կողմից 02.05.2022թ.-ին տրված թիվ ԷԸ-22/Պ-0007 փորձագետի եզրակացության հետազոտական մասում արտացոլված գծային չափերի եւ բեկման կետերի: «Փաստացի մեր հողն են զավթել, մեր սեփականությունը, շինարարություն իրականացնողը չի հիմնավորել, թե ինչու է բազմաթիվ խախտումներով փորձում տիրապետել վստահորդիս անշարժ գույքը»,-ասում է Վ. Սեդրակյանը: Հիշեցնեմ, որ տասներկու հարկանի շենք է կառուցվում Ա. Մանուկյանի սեփական տանը կից, նրա հողամասի վրա:

Պատասխանողի ներկայացուցիչն առարկել էր, թե բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատման ծրագիրն իրականացվում է վարկային միջոցներով, որի ամսական մարումը կազմում է 31,667 ԱՄՆ դոլար։ Բանկում «Օգտագոն» սպառողական կոոպերատիվի վարկային պարտավորությունը 29.03.2022թ.-ի դրությամբ կազմում է 4,000,000 ԱՄՆ դոլար մայր գումար եւ 1,624,801.78 ԱՄՆ դոլար հաշվեգրված տոկոսագումար…«ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերությունն էլ վարձակալությամբ կոոպերատիվին է հանձնել շինարարական աշխատանքների բետոնացման համար թվով 16 երկաթբետոնյա սյուներ, մեկ աստիճանավանդակ, 350 քառակուսի մետր երկաթբետոնյա պատեր եւ 712 քառակուսի մետր ծածկի իրականացման կոմպլեկտ կաղապար: Նշելով բազմաթիվ ծախսերի, աշխատավարձերի մասին, պատասխանողի ներկայացուցիչը դատարանին խնդրել է «ՕԿՏԱԳՈՆ» ՍՊ ընկերության հնարավոր վնասների հատուցման համար հայցվորից պահանջել հակընդդեմ ապահովում 988,749,720 ՀՀ դրամի չափով:

Փաստաբան, ներկայացուցիչ Վահե Սեդրակյանը միջնորդության դեմ առարկել է. «Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, թիվ 5/4 հասցեում շինարարական աշխատանքների կատարման արգելքի հետեւանքով պատասխանողը չի կարող վնասներ կրել, քանի որ նշված հասցեի հողամասը պատկանում է հայցվորին՝ Անդրանիկ Մանուկյանին: Իսկ եթե պատասխանողն, այնուամենայնիվ, կրում է վնասներ, ապա դրա միակ պատճառը հենց նրա ոչ իրավաչափ գործողություններն են, քանի որ շինարարությունն իրականացնում է իրեն չպատկանող հողամասի վրա»: Դատարանը մերժել էր «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊ ընկերության միջնորդությունը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան), երբ գրավոր ընթացակարգով քննության առավ բողոքը, դեկտեմբերի 9-ի որոշմամբ արձանագրեց հետեւյալը. «Նախ, պատասխանողը եւս ընդունել է, որ շինարարությունը մի մասով իրականացվում է Անդրանիկ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, իսկ որպես փաստարկ՝ ներկայացվել է ենթադրյալ հողամասերի համադրման հանգամանքը, այնինչ, հողամասերի համադրաման վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեին բազմիցս կատարվել են հարցումներ, որտեղից ստացվել են պատասխաններ այն մասին, որ հողամասերի որեւէ համադրում առկա չէ: Այս մասով ընդգծել է, որ ի թիվս այլ խախտումների, առկա է նաեւ ինքնակամ կառուցապատում, որը մասամբ իրականացվում է հայցվորի հողամասի վրա: Ինչ վերաբերում է բուն միջնորդությանը, ապա պատասխանողը պարտավոր էր միջնորդությամբ հիմնավորել հայցի ապահովման տվյալ միջոցի կիրառման արդյունքում վնասներ կրելու հավանականությունը եւ հնարավոր վնասի չափը, որպիսի փաստերի գնահատումը պետք է իրականացվի համապատասխան ապացույցների հետազոտման հիման վրա»:

Այս տարվա հունվարի 9-ին պետք է հրապարակվեր որոշումը, սակայն դատարանի ծանրաբեռնվածության պատճառով այն դեռ չի հրապարակվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ