Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դատարանին Արամ Գասպարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել

Արամ Գասպարյանի (Չիկոյի) գործով դատական նիստն այսօր մեկնարկեց հինգ րոպե ընդմիջմամբ։ Պաշտպաններից մեկը չէր կարողանում մեքենան կայանելու վայր գտնել Կենտրոն նստավայրի շենքի մոտ։

Նիստի մեկնարկին դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց՝ գործով ամբաստանյալ Արամ Գասպարյանի շահերը բացի Դավիթ Կարապետյանից, կպաշտպանեն նաև  Արամ Վարդևանյանն ու Մերի Սաֆարյանը։

Դատավորն ասաց՝ միջնորդություն է ստացվել պաշտպան Արամ Վարդևանյանի կողմից ամբաստանյալ Արամ Գասպարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Մինչ միջնորդության քննարկումը, դատարանը լսեց վկաներից մեկին՝ Հովհաննես Սարգսյանին։
Սարգսյանն ասաց՝ ինչ ցուցմունք տվել է, կրկնում է. «Արամ Գասպարյանին բռնել տարել են, առանց որևէ քրեական հանցագործության դատում են», ի պատասխան դատախազի հարցի, ասաց՝ ցուցակ ոչ ուղարկել է, ոչ էլ դրա մասին հիշում է, Վարդևանյանի հարցին ի պատասխանն էլ ասաց՝ որևէ մեկի կարծիքին չի բռնացել, եղել են Փաշինյանի աջակիցներ, որոնք մինչև վերջ չեն փոխել իրենց դիրքորոշումը։

Դատախազը հայտարարեց, որ վկայի ցուցմունքում ու դատարանում հայտարարությունների միջև էական տարբերություններ կան, ամբաստանյալի պաշտպաններն ի պատասխան հայտարարեցին՝ նախաքննական նյութերը բոլորին հասանելի են, կարելի է համեմատել։

Նա առաջարկեց հնարավորինս շուտ քննարկել խափանման միջոցի հարցը, քանի որ այդ հարցը 7 ամիս չի լսվել։ Դատարանը համաձայնեց քննարկել խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը, որից հետո նոր լսել մյուս վկային։

Արամ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը:

Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Մերուժանի Եղիազարյանին համոզելու և այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության և քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Դրանից բացի, Արամ Գասպարյանը, պաշտոնատար անձ հանդիսացող Հայկ Եղիազարյանից և ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի ավագ մասնագետ Արամայիս Հարությունի Պողոսյանից ստացել և առանց անձանց համաձայնության հավաքել ու պահել է նրանց վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ:

Նույն գործով Հայկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունցի ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով պետության և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս: