Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ 4-րդ կարգապահական վարույթը. ինչ է սպառնում դատավորին լրագրողների հետ զրուցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ 4-րդ կարգապահական վարույթն է հարուցվել եւ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ն այս անգամ ամեն քայլի կգնա դատավորի լիազորությունները դադարեցնելու համար: Իսկ ինչ հիմքով է վարույթը հարուցվել։

Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ։

Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ 2022թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին՝ գերբեռնվածության պայմաններում աշխատելիս չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացնելու համար։

Հիշեցնենք նաև, որ Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Մելիքյանը 2021 թվականին Բարձրագույն դատական խորհրդի առջև ներկայացրել էին դատավոր Զարուհի Նախշքարյանի շահերը Արդարադատության նախարարության միջնորդությամբ երեք կարգապահական վարույթներով։ Միջնորդություններից երկուսը մերժվել էին, իսկ մեկը՝ բավարարվել, և դատավորին հայտարարվել էր խիստ նկատողություն։

Դատելով իրավիճակից՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դատավորի նկատմամբ գործընթաց են սկսել, երբ դատավոր լրագրողների հետ զրույցում իր կարծիքն է հայտնել դատավոր Աննա Փիլոսյանի դեմ սկսված գործընթացի մասով: Ստացվում է, որ Արդարադատության նախարարն ու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեսյանը այս գործընթացով փորձում են դատավորներին հասկացնել՝  եթե այսուհետ լրագրողներին հարցազրույց տաք եւ ԲԴԽ-ի գործընթացների մասով բացասական կարծիք հայտնեք, ապա Ձեզ լավ օրեր չեն սպասվում, ընդհուպ մինչեւ պաշտոնից ազատում: Ասել է, թե դատավորներին հիմա էլ պատժում են լրագրողներին հարցազրույց տալու համար եւ առաջինը թիրախում դատավոր Նախշքարյանն է, որը տեւական ժամանակ իր համարձակ ելույթների համար մնացել է դատական իշխանության «կոկորդին»։

Քնար Մանուկյան