Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դատավորը 2021-ին դիմել էր Սահմանադրական դատարան եւ 2023թ. հունվարի 24-ին իմացել վարույթի ճակատագրի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրային ծառայության իրականացման իրավունքի ինտենսիվ միջամտություն առկա էր

«Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված չէ, թե դատավորը բաժնեմաս ձեռք բերելուց հետո դրա նկատմամբ սեփականության իրավունքն ի՞նչ կարգով պետք է իրականացնի, որպեսզի չարձանագրվի «անհամատեղելիության պահանջի խախտում»: Ստացվում է՝ հանրային ծառայողի բաժնեմաս ձեռք բերելու իրավունքը (հաստատված այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից) դառնում է ձեւական եւ անիրագործելի, քանի որ մասնակցի, կանոնադրության եւ տնօրենի փոփոխությունը համարվում է մասնակցի՝ տվյալ դեպքում դատավորի բացառիկ իրավասությունը, եւ այլ անձ այդ ուղղությամբ չի կարող ընդունել որոշումներ, իսկ եթե այդ որոշումները չընդունվեն, ապա իրավունքների գրանցում տեղի չի ունենա: Իսկ ԲԴԽ-ն այդպես չի մտածում: Ըստ նրա որոշման, «(…) թեեւ ներպետական օրենսդրական դրույթներից հետեւում է, որ դատավորներն իրավունք ունեն ձեռք բերելու գույք՝ այդ թվում առեւտրային ընկերությունում բաժնեմասի տեսքով, սակայն այդուհանդերձ (…) միջազգային փաստաթղթերի բովանդակությունից հետեւում է, որ դատավորի կողմից առեւտրային ընկերությունում բաժնեմասի ձեռքբերումը խրախուսելի չէ, քանի որ այդպիսի դեպքերում կասկածի տակ է դրվում ինչպես դատավորի անկախությունը, այնպես էլ դատական իշխանության հեղինակությունը»:

2021 թվականի հոկտեմբերի 4-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ ԲԴԽ56-Ո-Կ-19 որոշմամբ ԲԴԽ-ն հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածին, 159-րդ հոդվածի 1-ին մասին, 2-րդ մասի 1-ին կետին, 2.1-րդ մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերին, որոշել է դադարեցնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջը խախտելու հիմքով՝ որոշման պատճառաբանական մասում արձանագրելով, որ դատավորը զբաղեցրել է պաշտոն առեւտրային կազմակերպությունում: Խոսքը «Մուշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս բաժնեմաս ունենալու, ապա այն հինգ տարով հավատարմագրային կառավարման հանձնելու, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2021 թվականի ապրիլի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դատավորի դեմ դիմելու պատմության մասին է: Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԲԴԽ ներկայացրած՝ 2021 թվականի հուլիսի 26-ի թիվ 01/2021 եզրակացության մեջ նշել էր, որ դատավորն իր գործողություններով իրականացրել է նաեւ ձեռնարկատիրական գործունեություն, սակայն ԲԴԽ-ն դա համարեց անհիմն:

2021 թվականի դեկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել Գագիկ Խանդանյանի (ներկայացուցիչներ՝ Ա. Ղամբարյան, Դ. Վարդանյան) դիմումը, որով դիմողը խնդրել է ճանաչել. «1. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող՝ փոխկապակցված ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի հետ՝ այնքանով, որքանով իր ոչ հստակ ձեւակերպումների (եւ դրան տրված իրավակիրառ մեկնաբանման) պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ՝ տվյալ հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման՝ որպես ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքից ածանցվող՝ դատավորի անփոփոխելիության երաշխիքով ապահովված՝ նրա՝ որպես մասնավոր անձի հետագա պաշտոնավարման իրավունքի առավել ինտենսիվ սահմանափակման համաչափությունը երաշխավորելու համար»։

ՍԴ դիմած դատավոր Խանդանյանի գնահատմամբ, «Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ տեղի է ունեցել հանրային ծառայության իրականացման իր իրավունքին ինտենսիվ միջամտություն, ինչպես նաեւ այլ հանգամանքներ, որ դատավորն անփոփոխելիության երաշխիքով օժտված պաշտոնատար անձ է, Բարձրագույն դատական խորհրդի որոշումները նյութաիրավական հիմքերով բողոքարկելու հնարավորություն նախատեսված չէ, առկա չեն դատավորի անհամատեղելիության պահանջների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից մշակած ուղեցույցներ, մեկնաբանություններ, միասնական պրակտիկա, ուստի` դատավորի լիազորությունները դադարեցնելու հնարավորություն նախատեսող նորմերը պետք է ձեւակերպված լինեն ավելի որոշակի»:

Բարձրագույն դատական խորհուրդը շեշտել էր. «Նման սահմանափակման բերող որեւէ մեկնաբանություն անթույլատրելի է, քանի որ կարող է ուղղակիորեն խախտել դատավորի ժառանգություն կամ նվեր ստանալու քաղաքացիական իրավունքները։ Միաժամանակ ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ դատավորն այնպիսի միջոցներով կամ ձեւով պետք է գույք ձեռք բերի, որոնք անաչառ դիտորդի մոտ չդիտվեն դատավորի կողմից անհամատեղելիության կանոնների սահմանազանցում, իսկ գույքի արժեքը պետք է հասկանալի, այլ ոչ ցնցումային լինի դատավորի եկամուտների մասին հանրային օբյեկտիվ ընկալման տեսանկյունից»: Այսինքն՝ մեկ նալին, մեկ մեխին է խփում:

Դատավորի դիմումի համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը դատավորների՝ առեւտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու անհամատեղելիության պահանջի կարգավորման մասով, հակասում է Սահմանադրության 49-րդ հոդվածին, քանի որ դատավորի անհամատեղելիության պահանջների հարցերն առավել մանրամասն կարող են կարգավորվել միայն սահմանադրական օրենքով, մինչդեռ դրանք կարգավորվում են օրենքով, որի կիրառման արդյունքում էլ, ըստ դիմողի, իր իրավունքները խախտվել են։

Այս տարվա հունվարի 24-ին վերջապես ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ որոշեց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճել: Ըստ ՍԴ-ի՝ դատավորի՝ առեւտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու արգելքը, ի տարբերություն «պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում» պաշտոն զբաղեցնելու արգելքի, գործում է որպես բացարձակ արգելք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ