Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Դրսում ներկայանանք երկիր, որի մշակույթում երկրորդական «դերեր» չկան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հարցազրույց գրաֆիկ դիզայներ, «Թատերական պաստառներ» միջազգային փառատոնի համահիմնադիր Էդիկ Պողոսյանի հետ

– Հարգարժան Էդիկ, ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 31-ը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում թատերական պաստառների ցուցադրություն էր, որն, ըստ էության, հայ թատրոնի կամ հայաստանյան մշակութային կյանքում առաջին անգամ էր անցկացվում։ Փաստորեն սրանով մեզ մոտ հիմք դրվեց «Թատերական պաստառներ» միջազգային փառատոնի։ Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ով ձեզ հետ փառատոնի համահիմնադիր է, մեզ հետ զրույցում ասաց, որ գաղափարը ձերն է։ Կխնդրեինք մանրամասն ներկայացնել փառատոնային անցուդարձը։

– Աշխարհում քիչ են թատերական պաստառներ ներկայացնող փառատոները։ Դրանք անցկացվում են Լեհաստանում, Ռուսաստանում եւ Բուլղարիայում, որտեղ այն անվանում են «Բեմական պաստառներ»։ Փառատոնի գաղափարը մեզ մոտ մշակվել եւ վերջնական տեսք էր ստացել դեռեւս անցյալ տարվա սկզբներին, Սունդուկյանի անվան թատրոնի 100-ամյակին նախատեսվող միջոցառումների մշակման շրջանակներում։ Արդեն 2021-ի գարնան ավարտին ժյուրիի աշխատանքներին հրավիրված անդամների հետ նամակագրության արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց նրանցից երեքի հետ. Ֆրանսիայից՝ Միշել Բատորիի, Ռուսաստանից՝ Սերգեյ Սերովի եւ Իրանից՝ Էբրահիմ Հաղիղիի։ Հայտարարվեց գործերի ընդունման բաց կանչ 2021թ. սեպտեմբերի 6-ից մինչեւ 2022թ. մայիսի 31-ը։ Նշեմ, որ մասնակցությունը բաց է եղել բոլոր անհատ դիզայներների ու ստեղծագործողների, թատրոնների, թատերական խմբերի եւ կազմակերպությունների համար։ Այս տարվա հունիսին նախազատման հանձնաժողովը ներկայացված 29 երկրի 177 հեղինակի 406 պաստառից ընտրեց 21 երկրի 66 հեղինակի 95 պաստառ։ Իսկ հանձնաժողովը կազմված էր 5 հայ մասնագետներից՝ Վարդան Մկրտչյան, գրաֆիկ դիզայներ Գարեգին Մարտիրոսյան, արվեստի քննադատ Նունե Հախվերդյան, լուսանկարիչ Վահան Ստեփանյան եւ ես։ Ժյուրիի աշխատանքներին մասնակցող հրավիրյալ անդամները Երեւան ժամանեցին սեպտեմբերի կեսերին։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն անցավ փակ միջոցառման ձեւաչափով, դա սեպտեմբերի 30-ին էր եւ, բնականաբար, հայտարարվեցին հաղթողները։ Գրան պրիի արժանացավ Բելառուսից Յուրի Տորեեւը, լավագույն պաստառների հեղինակներ ճանաչվեցին՝ Բենժամին Ֆերնանդեսը (Ֆրանսիա), Ռասուլ Հաղջուն (Իրան) եւ Էրիխ Բրեխբյուլը (Շվեյցարիա)։ Հատուկ մրցանակներ շնորհվեցին Լեհաստանը, Իրանը, Սերբիան ներկայացնող արվեստագետներին։ Մի կարեւոր բան էլ. ժյուրիի արտասահմանցի մասնագետները ներկայացան դասախոսություններով։

Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահը՝ փառատոնի օրերին։

– Ուղիղ ասած՝ լավ չէ, որ մրցանակակիրների թվում չկա եւ ոչ մի հայ դիզայների անուն։

– Ասացի, որ նախազատման հանձնաժողովն ընտրել էր 66 դիզայների աշխատանք, որոնցից 5-ը հայազգի, բայց նրանցից երեքի աշխատանքները գոհացրին ժյուրիին. Համազգային թատրոնից՝ Միկա Վաթինյան, «Թեք տեղ» փորձարարական թատերական հարթակից՝ Արմինե Շահբազյան եւ Նվարդ Երկանյան։ Քանի որ այս տարի Սունդուկյան թատրոնի 100-ամյակն է եւ ըստ էության փառատոնի անցկացման մեր առաջին փորձը, որոշեցինք կենտրոնանալ միայն թատրոնների վրա։ Արդեն երկրորդ փառատոնից մենք կներգրավենք թատերական մյուս կատեգորիաները նույնպես՝ օպերայից, բալետից մինչեւ պերֆորմանս արտ։

– Գովազդը կամ գովազդային վահանակները, ինչպես նաեւ մշակութային օջախների պաստառները, մեծ հաշվով, մեր մայրաքաղաքի մշակույթի կամ դիզայնի մի մասն են կազմում…

– Ցավոք սրտի, մեզ մոտ քաղաքը, փողոցը, հանրային տարածքները մեծ հաշվով անտեսված են պաստառների առումով։ Մինչդեռ, օրինակ՝ Լեհաստանում, Ֆրանսիայում այսօր էլ թղթե պաստառները տարածված են հանրային վայրերում։ Մեր քաղաքում պաստառները հիմնականում մշակութային օջախների մոտ են տեղադրված, իսկ միջոցառումների մասին տեղեկությունները հիմնականում տարածվում են սոցցանցերով։ Լեհաստանում կոնկրետ ստենդի ձեւ կա, մեզ մոտ էլ կան ազդագրերի վահանակներ, բայց ի տարբերություն Լեհաստանի, մեզանում եղածների վրա ամեն ինչի պաստառ կտեսնեք՝ բացի թատերայինից։ Իսկ քանի որ մեր քաղաքը մեծ հաշվով դիզայն չունի, հավանաբար դա է պատճառը, որ մշակութային պաստառները պարզապես անտեսվում են։ Շատ կցանկանայի, որ Հայաստանը դրսում ոչ միայն պատերազմական, կոնֆլիկտային երկիր ներկայանար, այլ երկիր, որի մշակույթում երկրորդական «դերեր» չկան։

– Դուք տարիներ առաջ Թեհրանից եք ընտանիքով հայրենադարձվել, հետաքրքիր է՝ որտե՞ղ եք ստացել գրաֆիկ դիզայների մասնագիտությունը։

– Արդեն 15 տարի Երեւանում եմ, Սունդուկյանի անվան թատրոնի գրաֆիկ դիզայներն եմ։ Թեհրանում ավարտել եմ «Ազատ» համալսարանի գեղանկարչական ֆակուլտետը։ Թե ուսանողական տարիներին, թե հետո ունեցել եմ բազմաթիվ ցուցահանդեսներ, իսկ գրաֆիկ դիզայնը ինձ ձգել է ուսումնառության հենց առաջին տարուց։

– Ստանիսլավսկին ասել է՝ թատրոնը սկսվում է հանդերձարանից։ Հիմա ըստ էության դուք ասում եք, որ թատրոնը սկսվում է պաստառից։

– Իսկ ինչու ոչ։ Թատերական պաստառը պետք է լինի ավելի ու ավելի խորհրդանշական եւ կարեւոր, թատրոններն էլ պետք է ձգտեն հանդիսատեսի ուշադրությունը գրավել տպավորիչ պատկերներով, ոգեշնչող լուսանկարչությամբ, ստեղծագործ մոտեցմամբ, որը հանդիսատեսին հրավիրելու եւ ուղեկցելու է դահլիճ։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ