Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էդգար Ղազարյան. «Հայաստանում, երբ ճանապարհը փակում են հայերը, անմիջապես բերման են ենթարկվում, իսկ երբ՝ թուրքերը, դրանք մնում են փակ, մինչեւ ռուսների բանակցելը»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսեց երկու օր առաջ դեպի Արցախ տանող միակ ցամաքային ճանապարհը Ադրբեջանի կողմից անհեթեթ պատճառաբանությունով փակելու մասին:

«Ես ի՞նչ  էի բղավում՝ այս տարվա մարտ ամսից սկսած: Ասում էի, որ Բերձորը չի կարելի հանձնել, որ դա միայն ճանապարհ չէ, այլ միջանցք է, որ միջանցքի վրա Ադրբեջանը անվտանգությունը հսկելու պարտականություն ունի: Այդ ամենը դրեցին մի կողմ, Մեհրիբան Ալիեւայի ծննդյան օրը Նիկոլ Փաշինյանը Բերձորը հանձնեց Ադրբեջանին: Ասում էի, որ փակելու են այդ ճանապարհը, որովհետեւ, եթե միջանցքը իրավունք չունեն փակելու, ապա այդ ճանապարհը իրենց կառուցած ճանապարհն է, եւ երբ ուզեն` փակելու են:

Ցանկացած գործ կազմակերպելու համար մի ուսումնական վարժանք են անցկացնում: Ու մեկ էլ պարզվում է, որ ադրբեջանցի բնապահպանները փակել են ճանապարհը: Նախ, Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն գոյություն չունի: Այն կայացած բռնապետություն է: Երկրորդ, զավթված տարածքներում Ադրբեջանը բնակեցման ոչ մի ծրագիր դեռ չի իրականացրել: Այսինքն, այնտեղ քաղաքացիական բնակչություն գոյություն չունի, կան միայն զինվորականներ կամ պետական այլ ծառայությունների աշխատակիցներ, գուցե նաեւ` նրանց ընտանիքի անդամներ: Այնտեղ սովորական քաղաքացիական բնակիչ գոյություն չունի: Եվ երրորդ. այն հատվածից, որտեղից ճանապարհը փակել էին, իսկ դա Շուշիի հատվածից է, Շուշիի այդ հատվածում Ադրբեջանի սահմանապահ զորքերի ուղեկալ կա: Հետեւաբար, մինչեւ սահմանապահը թույլ չտա, Ադրբեջանի կողմից մարդ չի կարող հայտնվել խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող գոտում: Իրենք ուղղակի թույլ չէին տա:

Այս ամենը վկայում է, որ ճանապարհը փակելը Ադրբեջանը կազմակերպել է պետական մակարդակով: Եվ այդ մարդիկ ակնհայտորեն քաղաքացիական հագուստով Ադրբեջանի զինվորներ են կամ հատուկ ծառայությունների աշխատակիցներ:

Եվ ո՞վ է գնում այդ ճանապարհը բացելու: Կարմիր բերետավորնե՞րը, Արցախի ոստիկանությո՞ւնը, թե՞ Արցախի պաշտպանության բանակը: Իհարկե՝ ոչ մեկը: Սպասում են, մինչեւ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարը գա բանակցելու: Եվ ավետիս՝ երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքում բացվել է ճանապարհը:

Իսկ ինչքա՞ն է տեւում Երեւանում, Հայաստանի ներսում ճանապարհ բացելը կարմիր բերետավորների կողմից: Մի քանի րոպե: Տարբերությունը սա է. Հայաստանում, երբ ճանապարհը փակում են հայերը, նրանք անմիջապես բերման են ենթարկվում, իսկ երբ Հայաստանում ճանապարհ են փակում թուրքերը, դրանք մնում են փակ, քանի դեռ ռուսները չեն միջամտել: Այսինքն, եզրահանգումը հետեւյալն է՝ 2018-ի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից սկսած՝ Հայաստանում ճանապարհ փակելու իրավունք ունեն միայն թուրքերը…»-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ